կառավարությանը, հազարապետությանն է վերաբերում: Միաժամանակ նա և զինվորական էր, «ցանակալի եղեալ զինուորական արուեստին իւրոց զօրականացն»,- գրում է Կորյունը:
Գիտե՞ր արդյոք Մաշտոցը, բացի հունարենից, նաև ասորերեն ու պարսկերեն: Այս մասին չի հիշատակում Կորյունը: Ղ. Փարպեցին գրում է, թե Մաշտոցը արքունի դպիր է կարգվում, «վասն զի ասորի և յոյն գրով վճարէին յայնժամ զգործ թագաւրացն Հայոց՝ արքունի դպիրքն, զվճռոցն և զրհովարտակացն»: Հայաստանի բաժանումից հետո հունարենի գործածությունն Արևելյան Հայաստանում պակասած էր, պաշտոնական հարաբերությունները գերագույն իշխանության հետ պարսկերեն լեզվով էին վարում: Բացի պարսկերենից՝ Իրանում ընդունված էր նաև ասորերենն արձանագրությունների համար: Մաշտոցը չէր կարող Վաղարշապատում թագավորի դիվանում քարտուղար լինել և այդ լեզուները չիմանալ, իսկ եթե չգիտեր՝ չսովորել:
Այստեղ, Վաղարշապատում նա ավելի ևս ընդարձակում է իր ուսումը՝ պարապելով կրոնական գրքերի ընթերցանությամբ: Եվ այսպես «ամեն պատրաստությամբ զարդարելով իրեն՝ ծառայում է իշխաններին»,- գրում է Կորյունը: Թե նա ի՛նչպիսի ծագում է ունեցել, ե՛րբ է ծնվել, ե՛րբ է ծառայության մտել արքունի դիվանը և քանի՛ տարի է մնացել իր պաշտոնի մեջ, այդ մասին տեղեկություն չի տալիս կենսագիրը: Նա ծառայությունը թողնում է 394 թվականին և դառնում է կրոնավոր, «մերկանալով իշխանակիր ցանկությունները», գրում է Կորյունը: Այս ակնարկից, ինչպես և այն հանգամանքից, որ նա շատ երիտասարդ հասակում արժանացել է արքունի քարտուղար դառնալու և եղել է զինվորական, այ էլ ոչ սոսկական զինվոր, պետք է կարծել, որ նա ծագումով ազնվական է եղել և ոչ ժողովրդի «ստորին խավերից», ինչպես առանց որևէ հիմքի գրեցին վերջերս:
Սկզբում նա մտնում է միայնակեցական կարգի մեջ: Քրիստոնյաների մեջ Արևելքում - Եգիպտոսում, Ասորիքում, Պաղեստինում և այլն, 3րդ դարից արդեն հետզհետե ավելի զարգանում էր կրոնավորական կյանքը, առանձնապես մենակեցությունը: Մարդիկ, որոնց թվում և շատ նշանավորները, մենանում էին անապատներում ու լեռներում, կամ մարդկանց բնակությունից դուրս առանձին տեղերում, և ճգնում էին, այսինքն իրենց ենթարկում էին զանազան նեղությունների: Երևի ազդվելով կրոնական գրքերի ընթերցանությունից՝ այդ ընդհանրացած ոգով տարվում է և Մաշտոցը «ոչ սակավ ժամանակներ»,- գրում է Կորյունը և մանրամասն նկարագրում է նրա ճգնությունը: Բայց նա մենակ չի մնում. ճգնության ժամանակ նա պահում էր աշակերտներ: Հետագայում ևս նա իր աշակերտների հետ իրեն մեկ-մեկ նվիրում էր ճգնության, նրանց հետ գնում, մտնում էր քարայրերը: Բայց այդ ժամանակ ևս, երբ նրան կանչում էի որևէ գործի համար, նա իսկույն ճգնարանից իջնում, օգնում էր կանչողներին՝ ինչով էր կարող էր: Նա իր ճգնությամբ մեծ հռչակ է