Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 4.djvu/17

Այս էջը սրբագրված է

ուրիշ մտավոր, կուլտուրական երևույթներ,— մի քանի տարում չի սկսվում և երևան գալիս որոշ գծագրված կերպով: Ինչպես Անանիա Շիրակացին գրում է, ամեն բնական երևույթի «Լինելութիւնն է սկիզբն ապականութեան, և ապականութիւնե դարձեալ անդրէն է սկիզբն լինելութեան»: Այս դիալեկտիկական, ըստ Շիրակացու, «անվնաս հակառակութեամբ» ծագում ու մահանում է գրական երևույթը` տեղի տալով նորին, հարկավ, իր ֆունկցիան կատարելուց հետո կամ, ինչպես սովորաբար ասում են, բարգավաճելուց հետո: Նորի սկիզբը հենց այդ հնի մեջ է, նույնիսկ նրա բարգավաճության մեջ: Հին կրոնա-եկեղեցական ուղղության և վանական կյանքի ամենափայլուն ժամանակը մեզանում եղել է 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբներին, երբ դա ցայտուն կերպով արտահայտվել է եկեղեցական ճարտարապետությամբ և Գրիգոր Նարեկացու գրական երկերով: Բայց հենց այդ ժամանակներում, 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդի առաջին տասնամյակներին է սկիզբը հնի «ապականության», այսինքն` քայքայման, որ և սկիզբն է նորի բացահայտ «լինելության», նոր մտավոր հոսանքի, որ դանդաղ պրոցեսով զարգանում էր տակավին շատ զորեղ կրոնա-եկեղեցականի կողքին, և որի արդյունքն է մեր վերածնության գրականությունը: Ուստի թեև Գրիգոր Նարեկացին իր էությամբ պատկանում է նախորդ գրական շրջանին, բայց նրա երկերի մեջ արդեն, ինչես տեսել ենք, երևում են վերածնության սաղմերը: Նույնը նաև Անանուն Զրուցագրի մի քանի զրույցների մեջ, որ նույնպես տեսել ենք:

Այս «վերածնություն» տերմինն առնված է արևմտյան եվրոպական գրականությունից. ուստի նախ մի քանի խոսք այն մասին, թե ի՛նչ են հասկանում «վերածնություն» ասելով եվրոպական գրականաթյան մեջ։ Այդպես, այդ անունով կոչվում են Արևմտյան Եվրոպայի և առանձնապես Իտալիայի վաղ-բուրժուական (քաղաքացական) կալտուրան 14—16-րդ դարերում: Այդ ժամանակ արդեն գլխավոր հասարակական դեր էր կատարում բարձրացած նոր դասակարգը — բուրժուազիան (քաղաքացությունը), որի դասակարգային շահերի և իդեալների արաահայտաթյանն էին դառնում գիտությունը, արվեստն ու գրականությունը: Կուլտուրայի կենտրոն էին քաղաքները: Առևտրական կապիտալով փարթամացած քաղաքացիները, հակադրվելով ֆեոդալին և եկեղեցականին, ճոխ կյանք էին վարում պարսպապատ քաղաքներում շինված շքեղ բնակարաններում, ազնիվ հագուստներով, թանկագին կարասիքով, ընտիր անոթներով, աշխատելով ձեռք բերել ամեն վայելք խնջույքներով, երաժշտությամբ և այլն:

Այս նար դասակարգի կուլտուրայի առաջին հատկանիշն է դպրոցի և գրականության աշխարհականացումը` հակառակ հոգևորական սքոլաստիկայի ձգտում է լինում ուսումնասիրելու բնությունը, բնագիտություն, մաթեմատիկա, իրավաբանություն: Լատիներեն լեզուն դեռ երկար մնում է իբրև ընդհանուր միջազգային լեզու գիտության, փիլիսոփայության