Այս էջը հաստատված է
ԱՄԵՆ ԱՆԳԱՄ

Ամեն անգամ որ հովն ըլլա
Այսպես թախծոտ ու մտերիմ,
Կարելի չէ՛ որ չխորհիմ
Այն գիշերին, ժայռին վրա…

Ինչու որ շա՜տ էր թախծագին
Հովն այն գիշեր, ժայռին վրա,
Երբ ես գունատ, ծունկի եկա՝
Որ աղոթե՜մ իր հոգիին…

ՀԵԳՆԱՆՔ

Քանի՛ կ’աճի ցավը մարմնիս,
Ժպիտն աչքիս վարդ կ’ըլլա.
Ցուրտ հոգիես կ’անցնի մայիս,
Ու լո՛ւյս կ’իյնա ճակտիս վրա…

Եվ այս վարդով, այս գարունով,
Կը հեգնեմ Ան որ կուգա.
Ան որ կուգա՝ հողին քունով
Քընացընել Ցավն հսկա…

ՀԵՌԱՎՈՐ ՍԵՐ

Ուժգին հով կա դուրսը նորեն.
Նորեն գիշե՛րն է հովերուն…
Միտքըս կ’երթա հեռուն, հեռուն,
Ավերակված ճամբաներեն։

Նորեն գիշե՛րն է հուշերուն…
Աչքերըս գոց ամբողջովին,
Հոգիս հանձնած այս մութ հովին՝
Ահա հասա արդեն հեռուն: