Այս էջը հաստատված է
2.

Հին-հին օրերը անցան.
Սիրտս ոչ ևս վարդի մը վես փթթումն ունի.
Ալ երազը աչքերուս մեջ հույլ-հույլ քերթված չի ծորեր։
Եվ ալ չերգեր, արյունիս մեջ,
Կախարդ երգը Լիբանանի քնարերգակ սոճիներուն.
Հին-հին օրերը անցան…

Հիմա, սակայն, շատ իրիկուն,
Երբ կը քալեմ այս գունաթափ երկնքին տակ,
Ու կը խորհիմ, այնպես հանկարծ,
Բաալբեքի հին, կործանած պալատներուն՝
Ալ չեմ ըսեր.
― Չկա՛, չկա՛ անոնց մռայլ փառքն ունեցող.
Ալ չեմ ըսեր, ինչու որ կա՛…


3.



Ահ, հոյակա՜պ քերթվածը իմ հոգիիս,
Իմ ավերակ, իմ քարուքանդ հոգիիս…


ԳԻՇԵՐԱՄՈՒՏ


Օրը հատավ.
Երկնքին վրա,
Մայրամուտի ծիրանագույն հուրիներն իսկ,
Մութ ձեռքե մը կարծես հանկարծ դաշունահար,
Արյունելեն, արյունելեն նվաղեցան․․․
0՜, գրեթե գիշե՛ր է ալ.
Հոծ-հոծ ամպեր, գինովությունն իրենց թոթված,
Կարգավ-կարգավ կը հագնին,
— Պատվիրակները ըլլային կարծես մահվան —

Գիշերային իրենց մռայլ արշավին
Պարեգոտը անդունդի գույն․․․
Հեռուն, հեռուն, է՛ն հեռուն,