Այս էջը հաստատված է

Տժգունեցա. կարծես սաստիկ հիվանդացա…
Ուստի շուտով,
Դողդողալով,
Ծովուն դարձա.
Մեծ ալիք մը դեպի ծովափ կը վազեր.
Նախ կարծեցի թե ամեն ինչ երազ էր.
Հետո, հանկարծ, տղու մը պես հեծեծելով
Ձեռքս աչքերուս գիշերին դեմ գոցեցի,
Եվ սկսա վազե՞լ ուժգին
Ծովի ափին…

ՁՄՌԱՆ ԻՐԻԿՈՒՆ

Ամեն մեկ վերքե
Զոր երկինքն ունի՝
Կապո՜ւյտը կ’երգե…

Միշտ կը տժգունի,
Բայց միշտ նվա՛գ է.
Հառա՛չ մը չունի…

Ամեն մեկ վերքե
Զոր հոգիս ունի՝
Անհո՜ւնը կ’երգե…

Քանի տժգունի
Հոգիս՝ կ’օրհներգե՜.
Գանգա՛տ մը չունի…

Ամեն մեկ վերքե
Զոր երկինքն ունի՝
Աստվա՜ծ մը կ’երգե…

ԱՇՆԱՆ ԻՐԻԿՈՒՆ

Դեռ կը համենա
Բլուրին վըրա
Լացը սիրագին…