Այս էջը հաստատված է

Կույսեր եկան որ լոկ նային
Ու գինովնան այդ բույրեն նոր…

Միայն մե՛կ հատն այդ կույսերեն,
Որ լոկ թախիծ ուներ ու ցավ,
Սրտիս վրա երկար լացավ,
Միայն մե՛կ հատն այդ կույսերեն…

Ոսկի շիթերն իր աչքերուն
Ինչո՞ւ սակայն մոլորեցան
Ու չգտան հոգվույս ճամբան.
Ահ, չէ՜ր ծաղիկն այնքան հեռուն…

Հոգվույս ծաղիկն այդ տրտմալի
Մենության մեջ լուռ կը հալի…


ՎԵՐԱԴԱՐՁ

Փողոցե մը լուռ, ամայի,
Առտվան այդ տժգույն ժամուն,
Ծեր քայլերով կը դառնայի
Դեպի սենյակս, մաղձով լեցուն։

Երեկույթը ավարտեր էր.
Ահ, տժգուներ էի այնքա՜ն.
Միտքըս խեղդող մշուշ մ’ուներ.
Ձեռքես հատ-հատ վարդերն ինկան։

Ատելություն մը խուլ, վայրագ,
Մարդերուն դեմ, հոգիիս դեմ,
Երկար պահեց գլուխըս հակ,
Ա՜հ, այդ վարդերը դեռ կատեմ։

Ու երբ առի ճակատըս վեր,
Դեռ նոր հագվող այդ երկնքին,
Պարզ ու խաղաղ ու գերիվե՜ր
Զգացի թե որքա՜ն եմ սին…