Այս էջը հաստատված է

Ստեղծագործ հավա՜տքն է որ ահա անվերջ
Կ’իջնե՜, կ’իջնե՜․․․
Ան հիմա
Պիտի գա՜․․․

ՔԵԶՄԵ ՀԵՌՈՒ


Քեզմե հեռու՝
Անդունդներո՜ւ
Կը մտածեմ շատ անգամ․
Իսկ երբ կուգամ
Քու հոգիիդ երգին տակ՝
Այնպե՜ս հըստակ,
Կ’ըլլա հանկարծ ամեն բան․․․
Նույնիսկ ճամբա՜ն
Որ զիս մահվան
Պիտի տանի՝
Հանկարծ ճերմակ կը հագնի․․․

Քեզմե հեռու՝
Սարսափն անծայր գիշերներու
Այնպե՛ս ուժգին
Կը փաթթվի իմ հոգիին՝
Որ բյուր անգամ
Ծունկի ալ գամ
Չե՜ն ունենաք աչքերս արցունք,
Ու հոգիս՝ խունկ․․․

Աղոթքս ի՜նչ բուռն է ու դյուրին,
Երբ որ լըռին
Ծունկի կուգամ՝
Ա՛լ ուժաքամ,
Քու հոգիիդ երդին տակ՝
Եվ ի՜նչ հըստակ
Կ’ըլլա նորեն ամեն բան․․․