Այս էջը հաստատված է
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ

Կիսամութին մեջ հոգիիդ
Պիտի իջնեմ այս իրիկուն․
Քանի մը վարդ աղվափըթիթ
Պիտի գողնամ ու տանիմ տուն։

Պիտի արդյոք վշտանա՞ս դուն․․․
Գարո՜ւն է, քույր, ամեն տունի․․․
Իմ տունըս, տե՜ս, ծի՛լ մը չունի․․․

ՄԱՅՐԱՄՈՒՏԻ ԿՈՒՅՍԵՐԸ
1.

Խո՜ր երազի պահեր կան՝
Իրիկունները աշնան՝
Երբ կը զգաս թե հանկարծ խուցըդ կը մտնե
Հոգի մ’աղվոր — ու ամեն բան կը մըթնե․․․

2.

Ու կը նըստիս անոր հետ լուռ քովե քով,
Կամ կը պատմես, վըշտերդ տըժգույն, արցունքո՜վ,
Կործանումներն հնօրյա,
Եվ ան քեզի հետ կուլա․․․

Հետո երկա՜ր, երկա՜ր ատեն կը լռես.
Ան միշտ քեզի կը նայի, մութ, տրտմերես․
Դուրսը տակավ կը շատնան
Հռընդյունները աշնան․․․

Օ՜, ըլլալ լուռ հոգիի մ’հետ ու մինակ
Ով գիտե՛ քեզ ավերակ առ ավերակ․․․