Այս էջը հաստատված է

Միտքըս ՈՉին կը հարի.
— Հոգիս դատա՛րկ է նորեն ―
Գիշերվան հովն ուժգնորեն
Ա՛լ ցավերուս թող փարի,

Մոմըս սակավ կը մարի․․․

ՀԱՄԲՈՒՅՐ

Նորեն տնակըս եկա.
Աղքատ տնակս, որուն սեմեն, ինձի հետ,
Իրիկունե իրիկուն,
Տրտմությունը միայն կ’անցնի։
Ահա սենյակս, իր մտերիմ ու գունաթափ որմերով,
Կաղ սեղանըս, իր փոշիով, լքված իրի իր թախիծով․
Ճիշտ դիմացըս, որմին վրա,
Մաշած Թոլսթոյ մը, բոբիկ, կը մտմտա.
Ու քիչ անդին, իմ հայելին,
Է՛ն թանկ իրը խցիկիս…

Ամեն գիշեր, դողդոջ ճրագ մը ձեռքիս,
Անոր առջև արձանացած՝ կը հառիմ
Շրթունքներուս ժպիտին ու աչքերուս գիշերին.
Ու երբ, լռիկ, ճրագը վար կը դնեմ,
Ու կես-մութին մեջ շրթունքներս կ’երկարին
Հայելիին մեջեն ժպտող շրթունքներուն՝
Ցուրտ և հպարտ՝
Ահ, կարծես թե հոգի՛ս է որ կը համբուրեմ.

Անդ համբույրին ո՛չ մեկ համբույր կը փոխեմ…

ՀՈԳԻ՞Ս ԷՐ

Այս իրիկուն, տրտմորեն,
Ճամբաներեն ամայի,
Վիշտերուս հետ կ’երթայի.