Իր շեղբին վրա, ուրկե շանթեր կը սողային,
Գիշերի գույն տառերով՝ «հպարտություն» գրված էր․․․
Դեռ փոթորիկը կը կոծկոծի,
Դեռ կը քալեմ․․․
Ձեռքս՝ հիվանդ սրտիս վրա,
Աչքերս հորդ՝ հրդեհումովը կամքիս,
Հպարտության սուրբ ճակտիս՝
Դեռ կը քալեմ․․․
Ձըմեռ օրեր,
Երբ փոթորիկն ըլլար մըռայլ,
Ես կ’երթայի՝ խորն ամայի դաշտերուն,
Ականջ տալու կես-գիշերվան քրքիջին։
Սլա՞ցքն անոր․․․
Պերճ ու հպարտ, խաղաղությամբ մը խորունկ,
Ան կ’երկարեր արտասվահյուծ աստղերուն՝
Բազուկներն իր հոլանի,
Զերդ պարմանի մ’իր հարսին.
Գիշերին մեջ կը լսեի կարծես թե՝
Ձայնն իր զուլալ համբույրին․․․
Ինծի համար,
Խորհրդանիշն էր ան Ուժին ու Կյանքին․․․
Ու ես հավատքն ունեի իր անմահության․․․
Փոթորկին դեմ իր քրքիջով՝
Ան մըտածումս կը հաներ լեռնե մը վեր․․․
Անցյալ աշնան,
Օր մը հանկարծ մարդեր եկան
Խորն ամայի այն դաշտերուն,
Կացիններով, պարաններով․․․
Ուրվականնե՞ր էին կարմիր․―
Կը խնդային վըհուկի պես․․․