Իմացա թե ողջ ես դուն… Երեկ գիշեր,
Երջանկությունը հազար-հազար ծորակներով
հոգիիս մեջ հոսեցավ,
Երբ իմացա թե ողջ ես դուն…
Լուսամուտիս առջև նստած,
Աչքերս հառած կապարի գույն երկնքին,
Երբ լուսնոտի սևեռումով
Կ’ունկնդրէի սգահանդեսը կիսակործան ուռիներուն,
Պատանի մը՝ վիշտեն գունատ,
Այլ հրաբորբ ու ատելավառ աչքերով,
― Որ կ’երթար, ինչպես կ’ըսեր, իր ավերված
հյուղակին տեղ
Ապարանք մը կանգնելու,―
Պատուհանիս մոտեցավ,
Եվ իր ձեռքը ձեռքիս վրա,
Իբրև եղբայր մը հարազատ,
Գերեզմանե մը սպրդած ոգիի մը շշունջով՝
«Եղբայրդ կ’ապրի՛», ըսավ ինծի, «արևին տակ,
Վրեժին համար՝ եղբայրդ կապրի…»
Եվ իր մըռայլ վարսերն հովին՝
Կայծակնաթև անհայտացավ գիշերին մեջ։
Ո՜վ իմ եղբայրս սևաչվի ու բարձրաճակատ,
Կացինահար սերունդիս Հույսը մռայլ ու հըզոր,
Ինչպե՜ս արդյոք՝ պապենական մեր հրեղեն
և անբասիր ավիշով՝
Կատաղի և անզուսպ տատասկի մը պես կ’ընձյուզիս…
Օ՜, արդեն մանրիկ հոգիդ հինգ գարուններ համբուրել..