Ինչպե՜ս, ինչպե՜ս արդյոք՝ պրիսմակի մը պես կը շողաս,
Ու որբանոցիդ լուսամուտեն, ամեն գիշեր,
Խաղաղորեն ու քնատ աչքերով՝
Ցուրտ աստղերուն կը ժպտիս․․․
Ժպտե՛, եղբայր, դեռ մանուկ ես, դեռ սուրբ ես,
Դեռ անծանոթ է քեզի Վիշտը․․․
Հազար-հազար վիշապներու վրա հեծած՝
Տառապանքը ճամբան է, օր մը քեզի կը հասնի,
Հազար-հազար թևերով փաթթվելու մարմինիդ,
Ծոծրակեդ վար, սառած շունչով՝
Քու սերունդիդ արյունին սև հեքիաթը պատմելու․․․
Ժպտե՛, ժպտե՛, քաղցըր եղբայր, ցուրտ
աստղերուն և ամպերուն,
Վարդերուն բո՜ւյրը վայելե, հողին սույլեն գինովցիր․․․
Օր մը արյո՛ւն պիտի տեսնես և՛ աստղերուն
և՛ վարդերուն ծոցին մեջ․․․
Փոթորիկին որբերուն մեջ պիտի լըսես
Մեռելներուդ ձայնը գունատ․․․
ժպտե՛, ժպտե՛, սակայն վաղը,
Երբ սեգ ճակատդ իր առնական
պրկումներուն տիրանա,
Ու քեզի տան անկարելի ցավերու այս նամակը
արյունահոտ,
Ճերմակ հոգիդ պետք է ըլլա,
Ո՛վ մութ խլյակդ իմ ոսկեղեն Տոհմերուս,
Ճերմակ հոգիդ պետք է ըլլա կարմիր հոգի մը
մրրկահույզ
Որ օձի մը պես գալարվի՝ Ցավի, Ցասումի,
Ընդվզումի բոցերեն,
Ու խելահեղ ու մոլեգին,
Հայ Ասպետի ծիրանին ուսիդ,
Ու վրեժեդ տժգունած,
Այդ ապիրատ ոստաններեն փոթորկելով հեռանաս,
Էջ:Matteos Zarifian, Works.djvu/71
Այս էջը հաստատված է