Այս էջը հաստատված է

Դժոխածին նժույգիդ հետ,
Արարատի ձյուներուն մեջ հողմածածան
կարմիր Դրոշն համբուրելու․․․
Կարմիր Ուխտդ որոտալու․․․

3.

Հոգիդ հիմա հինգ գարուններ համբուրեց․․․
Ինչպե՜ս, ինչպե՜ս կը տանջվիմ կարոտեն՝
Անգամ մը գեթ քեզ իմ կուրծքիս սեղմելու,
Ան գամ մը գեթ քու աչքերուդ հեշտանքին մեջ
մոռնալու,
Փշուր–փշուր փեռեկտված կուսությանս
Ոխն ու Վրեժն այսահարող․․․

Անբուժելի օ՜ կարոտներն հոգիիս․․․
Հյուծե՜ր եմ ալ. վեց ամիս է, ամեն օր,
Այս սգավոր թոքերեն շիթ-շիթ արյուն կը ծորի.
Իմ լլկված կողերուս մեջ, Ցավը սև բույնն է դրեր,
Քանի մ՚օրեն՝ հոգեվարքի հռնդյուններս կը սկսին․․․
— Օ՜հ, մի՛ դողար, եղբայրդ իմ, մի՛ տժգունիր,—

Զիս կալանող ցորենին փոսըս արդեն փորեր է
Նոճիի մը բունին տակ․․․

4.

Այն գիշե՜րը, այն գիշե՜րը․․․
Դուն չես հիշեր, հե՜ք տըղա.
Օրրանիդ մեջ օրորուն,
Ապրիլի այն աստղածորան գիշերին,
Կը ննջեիր անխռով, դուն չե՜ս հիշեր․․․

Մեռա՜ն, մեռա՜ն, բոլորը մեռա՜ն
Մահով մը սև՝ ուր հոգի՜ն իսկ կը մեռնի․․․
Մեռա՜ն․․․― Այս բառեն ինչ ցուրտ հեգնանք մը
կը սողա հոգիիս մեջ —