Այս էջը հաստատված է
1 օգոստոս…

Այնչա՜փ աղվոր մայրամուտ մը կա դուրսը: Կիրակի իրիկուն է։ Մարգերը պտույտի ելած են ճամբաներուն վրա։

Ահավասիկ հայր մը՝ իր պզտիկին ձեռքեն բռնած։

Ի՜նչ խուլ զգացում է որ կը փրթի այսպես հանկարծ իմ հոգիիս խորունկեն… Այդ խաղաղ, այդ անույշ մարդը — որ հավանաբար սափրիչ է շուկան, կամ սափրիչի աշկերտ — ինչո՞ւ լացնե զիս իմ վարագույրներուս ետին…

Հայր մը իր պզտիկին ձեռքեն բռնած…


3 օգոստոս…

Չկա՛ բան մը զոր չկարենամ ընել քեզի համար, ո՛վ իմ սերս:

Գավաթ մը ջուր խմելու չափ հեշտությամբ կրնամ մեռնիլ, ուրախ, երջանի՜կ, եթե այդպես ընել պետը ըլլա քու կյանքիդ անդորրությանը համար։

Մեռնիլ։

Ի՜նչ պզտիկ բան է այդ։

Ահ, ես կ՚ուզեմ քո հոգիիդ համար ընել մեծ, գրեթե անկարելի բան մը — ապրի՛լ…

Ու պիտի ապրի՛մ։ Ակռաներովս պիտի բզկտեմ այն սև թաթը, զոր մահը երկարած է հոգիիս։ Անսահման ուժ ունիմ դեռ։ Ա՛լ լմնցած, քայքայված կարծած այս էությունս տակավին ի՜նչ աղբյուրներ ունի եղեր։ Ապացո՞ւյց։ Ահավասիկ կամքիս սա պայ- ծառ ժայթքումը հուսահատությանս խորերեն…

Պիտի ապրի՛մ։

Պիտի վերականգնե՛մ իմ այս կքած, կիսովին խորտակված կուրծքս․ մարմինս պիտի վերստանա իր երբեմնի մարմարեղեն կերտվածքն ու հպարտությունը։

Իսկ հոգիս պատրաստ է արդեն…


5 օգոստոս…

Սերս խելահեղ հորդում մը ունեցավ այս իրիկուն։ Երկու շաբաթե ի վեր կը զգուշանայի նույնիսկ իր ձեռքը համբուրելու։ Ահավո՜ր մարտիրոսություն…