Այս էջը հաստատված է

Եվ այս իրիկուն, պտույտի ատեն, Կարմիր Խաչի պարտեզին ծառերուն տակ, հևացող մթնշաղին մեջ, հանկարծ, իր նայվածքը այնքան խորունկը հասավ հոգիիս՝ որ թևերս փաթթվեցան իր իրանին…

Հո՛վ մըն Էր որ կ՚անցներ միսերուս մեջեն ու կը դղրդեր զիս իր ուժին տակ…

Հուզումեն տժգունեցավ։

Ահ, ինչպե՜ս կը սիրեմ իր աչքերուն այդ գիշերը, տենդի րոպեներուն, երբ երթալով կը մութնա, կը խորունկնա, ծովի մը պես, որուն վրայեն փոթորիկը պիտի անցնի։

Ակնթա՛րթ մը միայն տևեց այդ հևիհև փարումը:

Տևե՞ց։

Նյութին պատվարեն անդին կատարվող այդ հաղորդությունները կը տևե՞ն։

Թշվա՛ռ հոգիներ, որ չեն կրնար ըմբռնել մազի թելի մը մեջ՝ անհունը, և անոր տրված համբույրին մեջ հավիտենությունը։

Թող սիրե՜ն…

7 օգոստոս…
Նորեն արյուն…

Ն...ն ճանչնալես ի վեր չորրորդ արյունահոսությունն է ասիկա։ Ինչո՞ւ այսքան շուտ-շուտ։ Առաջ, վեց ամիսը անգամ մը հազիվ կ՚արյուներ հիվանդ թոքս։

Իմ խեղճ սիրականս, քու հրեշտակի անմեղությունովդ դուն ալ մեղսակից ես, գիտե՞ս, ճակատագրին հրեշային դավերուն։ Քեզ սիրելես ի վեր, հյուծումս սաստիկ արագացած է։ Յուրաքանչյուր անգամ որ շրթունքներս կը հպին շրթունքներուդ…

Ի՜նչ սև ողբերգություն է կյանքը զոր ստեղծեր ես, Տե՛ր։

Մեկ կողմե կը պարզվի, կը բացատրվի ան — կյանքը — հետըզհետե ավելի գեղեցիկ, ավելի ցանկալի, ու մյուս կողմե տակավ կը հատնիմ ես…

Այսօր ալ չեմ կրնար տեսնել զինք։ Սաստիկ կը տառապիմ կարոտե։ Կ՚այրի՜մ, կ՚այրի՜մ…

Սեր ու թոքախտ նույն կուրծքին տակ։ Աղվո՛ր հրդեհ, չէ՞։ Բոցերը կը հասնի՞ն մինչև քեզի, Աստվա՜ծ…