Այս էջը հաստատված է

Քեզ ճանչնալես ի վեր, երկրորդ անգամ ըլլալով խմեցի չորեքշաբթի գիշեր. քովս ըլլաս ու տեսնես թե ինչպես կը կարմրիմ՝ երբ այս դառն խոստովանությունը գրել կուտամ գրիչիս. բայց անգամ մըն ալ պիտի ներես, չէ՞։ Միտքդ բեր թե ինչ հոգեկան վիճակ ունեցեր էի նորեն, թեև դուն շատ չտեսար այն իրիկուն իմ հոգիս, ավելի ճիշտը չուզեցի ցույց տալ ու մեկնեցա: Ահ, հուսահատության ու դառնության այդ ալիքը, որ երբեմն կ՚ելլե մինչև կոկորդս ու կը խեղդե ամեն հավատք, ամեն կամեցողություն: Սա ըսած եմ քեզի, Ն..., թե կը հավատամ ճակատագրիս, ասիկա ըսել չէ թե չեմ հավտար Հոգիներու Ույժին. երկուքի՛ն ալ կը հավատամ. երկուքն ալ կոչված են մարդկային այս կյանքին մեջ իրենց հաղթանակները և պարտությունները արձանագրելու։ Իմ հոգիս պիտի հաղթե՞... իմ ճակատագրիս։ Ահա հարցը։ Ի՛մ հարցս։ Այս հարցը եթե իմ առջևս գրվեր ասկե երկու ամիս ու տասնըմեկ օր առաջ, ես պիտի ծիծաղեի միայն՝ հարցը բերողին միամտությանը վրա։ Այդ այն ատենն էր, երբ ես ճակատագիրը միայն կը ճանչնայի իբրև գերագույն ույժ, և մահը իբրև միակ ապավեն հիվանդ հոգիներու... ինչպես էր իմը։ Այդ այն ատենն էր, երբ երեք անգամ անձնասպանություն փորձելե և ձախողելե հետո, հուսահատության գինովությունն էր եկեր ինձի, ու խենթության քրքիջը դեմքիս՝ սկսել էի ապրիլ այն կյանքը որուն պզտիկ, շատ պզտիկ մեկ մասը միայն ծանոթ է քեզի և ամենուն: Այդ կյանքով կ՚ուզեի մեկ բան... վե՜րջ տալ կյանքիս, քի՛չ, քի՛չ, հաճույքո՜վ, վայելքո՜վ, գինովությունով։ Ճիշտ այնպես վարվիլ կյանքին հետ, ինչպես հազվագյուտ ոճրագործները իրենց զոհերուն հետ կը վարվին, ամենանուրբ փափկություններով սահեցնելով դանակը անոնց վիզին վրա...

Բայց հիմա...

Հիմա դո՛ւն ես եկած, Ն..., կյանքիս մեջ...

ԳԵՎՈՐԳ ՄԵՍՐՈՊԻՆ

Սիրելի Գևորգ Մեսրոպ, ...1923

Կը կարծե՞ս թե դժբախտ ես։ Իսկ ես որքա՜ն երանի կուտամ քեզի, որչա՜փ կը նախանձիմ...

Չեմ գիտեր թե կը հասկնա՞ս այս բոլորը։ Չեմ կարծեր։

«Ծիածան» մը ձեռք ձգած եմ և ամբողջ օրը կարդացի: Ինչ