— Ո՛չ, սև էր։
— Սև՞ էր։
— Այո, սև, բայց աղվոր, անոր փաթտըվողը ձմեռը չմսիր։
— Ատ ի՞նչ խոսք է, փաթտըվիլն ի՞նչ պիտի ըլլա․․․ ես քուկին գիտցած կնիկներեն չեմ, հասկցա՞ր,— ըսավ տիկինը յուր խոսքերը շեշտելով։
— Վնասակար բան մը չըսի․ փաթտըվելով ի՞նչ կըլլա եղեր,— պատասխանեց բեռնակիրն աթոռի մը վրա փռելով յուր թաշկինակն։
— Ատկե ավելի վնասակար ի՞նչ կրնա ըլլալ։
— Շատ բարակ բաներու մեր խելքը չպառկիր։
— Ես կը պառկեցունեմ․․․ դուն զիս կը ճանչնա՞ս․․․։
— Փաթտըվելեն ի՞նչ վնաս կուգա։
— Ես էրիկ ունիմ, ինչու պիտի փաթտըվիմ եղեր անոր։
— Էրիկ ունեցողներն ալ կը փաթտըվին․ էրիկն ուրիշ, աս ուրիշ․ աս կը տաքցունե։ Ըսենք, որ ձմեռը գիշեր մը դուրս ելար, փողոցին մեջ էրկանդ չես կրնար փաթտըվիլ, բայց աս կռնակդ կառնես․․․։
— Աբիսողո՞մ աղան։
— Թիկնոցը, տիկին․․․ Աբիսողոմ աղան կռնակի վրան կառնվի՞։
— Մինչև հիմա թիկնոցի՞ վրա կը խոսեիր։
— Խոսքերնիս թիկնոցի վրա չէ՞ր մի․․․ Հապա դուն ի՞նչ հասկցար։
— Ես հասկցա, որ Աբիսողոմ աղային փաթտըվելու է, կըսես։
— Տեր ողորմյա, տեր ողորմյա, տեր աստված,— ըսավ բեռնակիրն՝ թաշկինակը քաշելով աթոռեն։
Տիկինն բեռնակրին տված բացատրութենեն գոհ ըլլալով, հրամայական եղանակով մ՚ ըսավ․
— Աս անկողինն և սնդուկներն վե՛ր հանեցեք։
Բեռնակիրներն հնազանդելով բեռներն նորեն վերցուցին, և հազիվ թե սանդուղին առաջին աստիճանին վրա կոխած էին, տիկինն պոռաց․
— Լեռնե՞ն եկաք դուք։
— Ոչ, մեծ փողոցեն եկանք։
— Գիտեմ, որ մեծ փողոցեն եկաք․ այդ ոտքի ամաններով վեր կելնվի՞․ տեսեք՝ ի՞նչ ըրիք տախտակներս, ես այսօր սրբեցի զանոնք, և հոգիս բերանս եկավ։
— Ի՞նչ ընենք, ուրիշ ոտքի աման չունինք։
— Ինչո՞ւ կայներ երեսս կը նայիք, չհանե՞ք տվոնք։
— Մի՛ պոռար, տիկին, մի՛ պոռար, կը հանենք։
Եվ հանեցին իրենց ոտքի ամաններն, որք ավելի մաքուր էին, քան իրենց ոտներն։
— Ա՞յդ ոտքերով վեր պիտի ելնեք,— կրկնեց տիկինն։