աստված զձեզ համենայն փորձանաց և ի չարե ազատ պահեսցե․ ժողովուրդն երբ աղեկ ըլլա, քահանաներուն ալ երեսը կը խնդա։
— Այնպես է, տեր հայր,– պատասխանեց Աբիսողոմ աղան՝ յուր աչերն չզատելով բնավ խուցին դռնեն, ուսկից կերակուր կը հուսար։
— Օրհնա՛ծ, ժամանակը շատ գեշ է․ ժողովուրդը շատ նեղություն կը քաշե, այս պատճառավ ջերմեռանդությունն ալ օր ըստ օրե պակսելու վրա է։
— Իրավ է։
— Բայց ի՞նչ պիտի ընենք, ի՞նչ կուգա մեր ձեռքեն՝ համբերելեն զատ․․․ Սուրբ գիրքը կըսե․ որ համբերեսցե իսպառ, նա կեցցե։
— Այնպես է։
— Եթե չհամբերենք, բարկանալ պետք է, և մարգարեն կըսե․ բարկանա՛յք և մի՛ մեղանչեք։
— Ճիշտ է,— պատասխանեց Աբիսողոմ աղան, որուն ականջը բնավ չէր մտներ քահանային խոսքերը և որ քահանային ներկայութենեն նեղություն կիմանար․ վասնզի, ինչպես գիտեն ընթերցողները, կերակուրեն ուրիշ բանի պետք չուներ։
— Զի ո՛չ հացիվ միայն կեցցե մարդ, այլ բանիվ տյառն[1]։
Քահանան քթախոտի տուփը ծոցեն հանեց և երկու մատներովը քթախոտ լեցուց քթին ծակերուն մեջ և հետո, տուփը Աբիսողոմ աղային երկնցնելով՝
— Հրամմեցե՛ք, օրհնա՛ծ,— ըսավ։
Աբիսողոմ աղան շնորհակալությամբ առավ տուփն և քիչ մը քթախոտ քաշեց։
— Քիչ քաշեցիք, Աբիսողոմ աղա, կաղաչեմ, անգամ մ’ ալ քաշեցեք, քթախոտը վնասակար բան մը չէ։
Աբիսողոմ աղան անգամ մ’ ալ քաշեց, որպեսզի խոսքը չ’երկարի և հյուրը մեկնի։
— Ինչո՞ւ աղեկ մը չեք քաշեր, Աբիսողոմ աղա,— կրկնեց քահանան, շատկեկ[2] քաշեցե՛ք։
— Շնորհակալ եմ, տեր հայր, սովորություն չունիմ։
— Կը խնդրեմ, մեղավորիս խոսքը մի՛ կոտրեք, քիչ մ’ ալ քաշեցե՛ք։
— Ա՛լ չի քաշվիր,— ըսավ Աբիսողոմ աղան մեկուսի և քիչ մ’ալ քաշեց։
— Դավիթ մարգարեն[3] կըսե, որ՝ մարդո որպես խոտո են ավուրք յուր․․․[4]
— Քթախոտին համա՞ր կըսե։
- ↑ Որովհետև ոչ միայն հացով կապրի մարդ, այլ աստծո խոսքով։ (Ավետարանից)
- ↑ Մի քիչ շատ։
- ↑ Դավիթ մարգարեն (մոտավ․ 1010-970 թ․ Ք․ ա․) հրեկան թագավոր էր, որ հռչակվել է նաև որպես ենթադրական հեղինակ սաղմոսների մեծ մասի, որոնք հոգևոր երգեր էին հրեաների և քրիստոնյաների համար։
- ↑ Մարդու օրերը (կյանքը) խոտի նման է։ Այսինքն՝ անցավոր։