Այս էջը հաստատված է

— Ծառա եմ մեծապատվությանդ, մեծապատիվ տե՛ր,— պոռաց այս երիտասարդն սենյակեն ներս մտնելով և մոտենալով Աբիսողոմ աղային։

— Ի՞նչ կա, ի՞նչ կուզեք,— հարցուց Աբիսողոմ աղան վախնալով։

— Վսեմափայլ տե՛ր, ձեր գալուստն լսելով փութացի հոս գալ, իմ խորին մեծարանացս հավաստին ձեր ոտքերուն տակը դնել։

— Ոտքերո՞ւս տակը․ շատ աղեկ, դի՛ր,— ըսավ Աբիսողոմ աղան, որ կը կարծեր, թե մուճակ[1] բերած էր իրեն։

— Շնորհակալ եմ, բարձրապատիվ տեր,— ըսավ երիտասարդը, գլուխը բացավ և սեղանին վրա ելավ, կանգնեցավ։

Աբիսողոմ աղան այս տեսարանին առջև բոլորովին շվարած՝ անհամբեր տեսնալ կուզեր, թե ի՞նչ պիտի ըներ այս պարոնը սեղանին վրա։

Երիտասարդն ծոցեն թուղթ մը հանեց և աչերն Աբիսողոմ աղային անկելով՝ բոլոր ձայնովը պոռաց․

— Տյարք և տիկնայք․․․

Աբիսողոմ աղան այս ահարկու ձայնեն վախնալով՝ նստած տեղեն երկու կանգուն վեր ցատկեց և չկրնալով ինքզինքը զսպել՝ պոռաց․

— Ո՞վ է այս մարդը, հիմարանոցեն փախած խե՞նդ է, թե հիմարանոց երթալու հիմար։

— Հայ ազգն,— շարունակեց երիտասարդը ձայնը քիչ մը իջեցնելով,— այսօր այնպիսի հանդես մը կը կատարե, որ մեր հայրենյաց ամենեն քաջ դյուցազնին նվիրված է․․․

— Միտքդ ի՞նչ է, եղբայր․․․

— Կար ժամանակ մը, ուր խավարը լուսո դեմ կը կռվեր, տգիտությունը գիտության դեմ, անցյալն ապառնիին դեմ, հրամայականը սահմանականին դեմ, սուրը գրիչի դեմ, ատելությունը սիրո դեմ, կրակը ջուրին դեմ, միսը բանջա­րեղենին դեմ․ իսկ հիմա անցան այն ժամանակները․ անոնք անցյալ են, մենք՝ ապառնի, անոնք խավար են, մենք՝ լույս, անոնք տգետ են, և մենք՝ գիտուն, անոնք սուր են, մենք՝ գրիչ, անոնք ատելություն են, մենք՝ սեր, անոնք կրակ են, մենք՝ ջուր, անոնք միս են, մենք՝ բանջարեղեն, անոնք վարունգ են, մենք՝ խնձոր, անոնք փուշ են, մենք՝ վարդ․ անցան, անցան այն դարերը, ուր մարդկությունը տգիտության օրորոցին մեջ մեյ մը ասդին, մեյմը անդին կերթար, կուգար․․․

— Միտքդ ի՞նչ է, եղբայրս, ես քեզի բան մը չըրի, ի՞նչ կուզես ինծմե, գնա քեզի բարկացնողին զրուցե՛ այդ խոսքերը․․․

— Այո՛, մարդկությունը կը չարչարվեր, կը նախատվեր անգութ բռնավորներու ձեռքեն և չեր գիտեր, որու երթալ և որու բողոքել։


  1. Սենյակի մեջ հագնելու չստիկ