Այս էջը հաստատված է

— Տեր ողորմյա․․․ տեր ողորմյա,— ըսավ ինքնիրեն Աբիսողոմ աղան,— քաշելիք ունինք եղեր․․․ ես կրնամ հիմա զինքը սեղանեն վար առնել, բայց կը վախնամ, որ ծոցեն ատրճանակ մը կը հանե և կը զարնե ինծի, վասնզի խիստ բար­կությամբ կը խոսի։

— Իսկ երբ գիտությունն եկավ,— շարունակեց ատենաբանը,— և վանեց տգիտությունն, ինչպես լույսն՝ խավարը, սերն՝ ատելությունը, գրիչն՝ սուրը, ապագան՝ անցյալը, այն ատեն, ա՜հ, այն ատեն․․․ այո՛, այն ատեն, այո՛, կըսեմ, այն ատեն միայն հասկցվեցավ, որ մարդկություն, ազգ և հայրենիք բառերը բառարանները լեցնելու համար շինված բաներ չէին, այլ ամեն մարդու մտքին մեջ, սրտին մեջ, հոգվույն մեջ երկաթյա տառերով և անջինջ կերպով դրոշմելու բառեր էին․․․

— Եղբա՛յր, կաղաչեմ, վար իջի՛ր և այնպես զրուցե՛ ցավդ․․․

Ատենաբանը կայնած տեղը այնպես կը դողար, որ Աբիսողոմ աղային սիրտը կը հատներ, թե գազը գետինը պիտի իյնար։

Ուստի չուզելով այլևս համբերել՝ պոռաց ինքնակոչ ատենաբանին երեսն ի վեր․

— Վա՛ր իջիր սըկե[1]։

— Կաղաչեմ, մի սաստեր զիս։

— Վա՛ր իջիր, ապա թե ոչ․․․

— Մի՛ կոտրեր իմ սիրտս, որ ազգին համար կը բաբախե։

— Ինչ ըսելիք որ ունիս, եկուր քովս, մարդու պես նստե և ըսե․ հոն տեղվանքը ելնել ի՞նչ պիտի ըլլա։

— Կաղաչեմ, թո՛ղ տուր վերջացնեմ․ ա՜հ, չես գիտեր, թե որչա՛փ կը հուզվիմ, երբ ճառ կկարդամ։

— Վա՛ր իջիր։

Ատենաբանը բեմեն կիջնա և կերթա աթոռի մը վրա կը նստի։

— Հիմա՛ զրուցե ինծի, միտքդ ի՞նչ է,— կըսե Աբիսողոմ աղան բարկությամբ։

— Կաղաչեմ, մի բարկանար։

— Ի՞նչ կուզես, զրուցե, շո՛ւտ, հիմա՛։

— Բարկությամբ մի՛ վարվիր հետս, ոտքդ պագնեմ, սիրտս լեցված է, հիմա կսկսիմ լալ։

Եվ ատենաբանը կսկսի լալ։

— Լալու ի՞նչ կա, եղբայրս։

— Ծառադ կը փափագի գրականությամբ ազգին ծառայել, բայց այս ազգը շատ ապերախտությամբ կը վարվի յուր գրագետներուն դեմ։

— Ատոր մեջ ես ի՞նչ հանցանք ունիմ։


  1. Այստեղից