Այս էջը հաստատված է

— Խորին հարգանացս հավաստիքը, տեր․․․ որով մնամ ձեր մեծապատվու­թյան ամենախոնարհ ծառա։

— Շատ աղեկ։

Մեկնեցավ բանաստեղծն՝ երկու ոսկիով բերել տալ խոստանալով մուսան, զոր ոմանք ավելի աժան գնով բերել կուտան։ Մուսայի մ՚ օրականն հյուսնի մ՚ օրականեն ավելի չէ այժմ։

Աբիսողոմ աղան, ինչպես գիտեցին ընթերցողներն, կը մոռնար յուր անոթությունն ամեն անգամ, որ մեկն անոր խոսք կուտար անունը լրագրի մեջ անցունելու և կամ եկեղեցվո մեջ ծանուցում ընելու, ինչպես նաև յուր քսակին բերանը կը բանար և դրամով կը վարձատրեր ամեն անոնք, որ իրեն կը խոս­տանային անունն ժողովրդյան մեջ տարածելու։ Փառասիրությունն ալ տեսակ մը անոթություն է, զոր դրամով կը կշտացունեն մարդերը։ Լրագիրներու մեջ գրվելու փառասիրությունն, զոր ոմանք մոլություն կը համարեն, և ոմանք առաքինության կարգը դասել կը փափագին, և որ մեր ժողովրդյան ամեն դասերուն մեջ կը գտնվի այսօր, տիրած էր նաև Աբիսողոմ աղային վրա, որ բանա­ստեղծին մեկնելեն ետքը փոխանակ յուր անոթությանը վրա խորհելու՝ սկսավ ոտանավորին վրա միտք հոգնեցունել։

— Արդյո՞ք—, հարցուց ինքնիրեն,— ոտանավորն ուզածիս պես պիտի ըլլա՞․ սա մարդու մուսան քանի մ՚ օրեն պիտի գա՞․ և եթե չգա, անոր տեղն ուրի՞շ մը բերելու է․․․։

Այս հարցումներն կուղղեր իրեն, երբ տան տիկինը ներս մտնելով ըսավ․

— Կերակուրը պատրաստ է, հրամմեցե՛ք, Աբիսողոմ աղա։

— Ըստ տաճկաց[1] ժամը գիշերուան չորսը զարկած էր։


Ե

Այն խուցն, որուն մեջ Աբիսողոմ աղան ապաշխարանք քաշած էր, ուներ յուր դեմն սենյակ մը, որ խոհանոցի քովն էր և որ ճաշի հատկացված էր։ Այս սենյակը մտավ Աբիսողոմ աղան առաջնորդությամբ տիկնոջ, որ սեղանը պատ­րաստած էր վերջապես։

Աբիսողոմ աղան ճաշի սենյակը մտնելով բարևեց Մանուկ աղան, որ սեղա­նին շուրջը աթոռներ շարելու զբաղած էր։

— Սանկ հրամմեցե՛ք, Աբիսողոմ աղա, ըսավ Մանուկ աղան՝ սեղանին վերի կողմը ցույց տալով յուր հյուրին։

— Հրամանքնիդ նստեցե՛ք, ես ալ կը նստիմ,— պատասխանեց հյուրն՝ նստելով իրեն ցույց տրված տեղը։


  1. Տաճկաց ժամացույցը ելակետ ունի արևի մայրամուտը, որ երեկոյան ժամը 12-ն է համարվում։