Այս էջը հաստատված է

որ եթե հինգ կանչեր, քսան և հինգ պիտի ունենար յուր առջև մայրաքաղաքիս սովորությանը համեմատ։

— Ո՞ր կողմ պիտի երթաք աղա,— հարցուց բեռնակիրներեն մին՝ մեկ ոտքը սնդուկներեն միույն վրա կոխելով։

— Բերա, Ծաղկի փողոց, թիվ 2 պիտի երթամ,— պատասխանեց խոշոր մարդը։

— Շատ աղեկ, հասկցա, Բերա, Ծաղկի փողոց․․․ պատվական փողոց մ՚ է,— ըսավ հարցումն ընող բեռնակիրն և սնդուկին մեկն ալ շալկելով սկսավ երթալ։

— Ծաղկի փողոցն ես ալ գիտեմ,— ըսավ երկրորդ բեռնակիրն և սնդուկին մեկն ալ ինք առնելուն պես՝ Բերայի ճամփան բռնեց։

— Ես ամեն օր կերթամ Ծաղկի փողոցն,— ըսավ երրորդն և մարդուն անկողինը գետնեն վերցնելն, կռնակին վրա առնելն ու վազելն մեկ ըրավ։

Այս գործողություններն այնքան արագությամբ կատարվեցան, որ մարդը շվարելով սկսավ չորս կողմը նայիլ՝ տեսնելու համար բեռնակիրներն, որ բազմության մեջ անհայտ եղած էին։

— Ի՞նչ խայտառակություն է աս,— պոռաց վերջապես ոտները գետինը զարնելով, ո՞ւր տարին անկողինս և սնդուկներս, ատոնք ի՞նչ իրավունք ունին իմ անկողնուս և սնդուկներուս խառնվելու, ի՞նչ աներես մարդ են եղեր այս տեղաց մարդերը․ ինչ որ կը տեսնեն, կառնեն, կը տանին։

— Ծաղկի փողոցը մենք ալ գիտենք, աղա, մեզի ալ բան մը տուր, որ տանինք,— ըսին միուս երկու բեռնակիրները։

— Ծաղկի փողոցն ալ գետնին տակն անցնի, դուք ալ,— պատասխանեց մարդն, որուն այտերն նեղութենե կարմրիլ սկսած էին։

Երկու բեռնակիրները խնդալով հեռացան․ և ճամփորդն ալ յուր սնդուկներուն ետևեն երթալ կը պատրաստվեր, երբ բարձրահասակ, թխադեմ, փոքր աչերով մարդ մը ուսերը տնկած, ձեռները շփելով և բռնազբոսյալ ժպիտով մը մոտեցավ անոր և քաղաքավարական ձևով մը ձեռները բռնելով հարցուց․

— Դո՞ւք եք, Աբիսողոմ աղա, ե՞րբ եկաք, ո՞ր շոգենավով եկաք, ի՞նչպես եք, ձեր եղբայրն ի՞նչպես է, ազգային գործերն ի՞նչպես են Տրապիզոն, հացին գինը քա՞նի է հոն, անձրև եկա՞վ այս օրերս ձեր քաղաքը․․․ վայ, Աբիսողոմ աղա, վայ․․․

— Ես եմ Աբիսողոմ աղան, հիմա եկա, տաճկի շոգենավով եկա, շատ աղեկ եմ, եղբայրս ալ աղեկ է, ազգային գործերն ալ աղեկ են Տրապիզոն, հացին գինը մեկ դահեկան[1] է, անձրև չեկավ այս օրերս մեր քաղաքը,— պատասխանեց փութով թիկնոցաբնակն՝ առանց ճանաչելու այս անձն։

— Ներեցեք, թողություն ըրեք, որ չկրցի մինչև շոգենավ գալ զձեզ դիմավորելու համար։ Ինծի գրված էր Տրապիզոնեն, որ այս շաբթու անպատճառ հոս պիտի գաք․․․


  1. Ղուրուշ, թյուրքական դրամ (10 կոպեկի չափ)