Մելքոն աղան նախ Բարթողիմեոս աղային աղջիկը առած էր։ Բարթողիմեոս աղան ալ ժամանակավ մատով կը ցցունեն[1] եղեր, իրբև բարի մարդ, հյուրասեր մարդ, ազգասեր և բարեպաշտ մարդ, և շուկային մեջ շատ խանութներ ուներ, որոնցմե տարին բավական եկամուտ կառներ։ Քանի մը տարիեն Մելքոն աղային կինը մեռավ, և Մելքոն աղան համետագործ Նիկողոսին աղջկանը հետ կարգվեցավ։ Այս աղջիկն քանի մը եղբայներ ունի, որոնց մին Ամբակում աղային քով գրագրություն կընե։ Այս Ամբակում աղան ալ տղա մը ուներ, որ թուղթ խաղալով հորը շատ ստակը կերավ և վերջեն Ռուսաստան փախավ։ Այս աղան Մարգար եպիսկոպոսին քրոջն թոռան եղբորորդին էր։ Մյուս եղբայրը շուկայի մեջ ոսկերիչ է․ բարձր հասակով, սիրուն մարդ մ՚ է։ Երրորդ եղբայրը ատենոք շատ պարապ պատեցավ, խեղճության մեջ ինկավ, անոթութենե պիտի մեռներ, վերջեն թաղական անդամ ընտրվեցավ և մեկ երկու տարիեն ինքզինքը ժողվեց։ Չերկնցնեմ խոսքս, Մելքոն աղան այդ Նիկողոս աղային աղջիկն առնելեն ետքը քանի մը տարիներ շատ հանգիստ կյանք վարեց, բայց վերջեն բախտը դարձավ, ձախորդություն ձախորդության վրա եկավ, և ունեցած չունեցածը բոլորովին կորսնցուց։ Օր մը առնեմ զինքը, հոս բերեմ, և տեսնեք, թե ինչ բարի մարդ է։ Եղբայր մ՚ ալ ունի, որ վարպետ ժամագործ մ՚ է, ատենոք Պեոյուք Տերե[2] կը նստեր, վերջը քանի մը տարիներ Իսկյուտար[3] նստավ, ետքեն Գում Գաբուն[4] երթալով՝ հոն ալ չկրցավ նստիլ, և հիմա չեմ գիտեր, ուր կը նստի։ Բայց շատ վարպետ ժամագործ է։ Թորոս աղան, որ և ոչ մեկ ժամագործի կը հանձնե յուր ժամացույցն, անոր կուտա, որ մաքրե։ Այս Թորոս աղան կը ճանչնա՞ք․ ուրիշ տեսակ մարդ է․ անոր մեկ պատմությունը ընեմ քեզի և մտիկ ըրե, որ տեսնես, թե աշխարհիս վրա ասանկ մարդ կը գտնվի եղեր, որ․․․
— Բերե՞մ ապուրը,— հարցուց տիկինը սենյակին դռնեն ներս երկնցնելով գլուխը։
— Քիչ մը համբերե, տիկին, խոսքս լմնցունեմ, վերջը բեր։ Այնպես չէ՞, Աբիսողոմ աղա, խոսք պետք է յա՛։ Եթե մտիկ ընելու ժամանակ չունիք և գլուխնիդ կը ցավցունեմ կոր, ըսե՛ք։
— Ատ ինչ խոսք է․․․ բա․․․
Աբիսողոմ աղան չկրցավ շարունակել յուր խոսքը, զոր ընդմիջեց Մանուկ աղան Թորոս աղային պատմությանն սկսելով։
— Այս Թորոս աղան,— շարունակից,— մուշտակագործ մ՚ է, ականջը խոսի, և յուր ընտանիքովը հանգիստ կյանք մը կը վարե։ Յուր տանը պետք եղած պարենը,