Այս էջը հաստատված է

— Դուք ալ հոս դոմադեսո՞վ[1] կը շինեք,— հարցուց մեկեն ի մեկ Աբիսողոմ աղան։

— Դոմադեսո՞վ։

— Այո՛, ուրիշ տեղեր դոմադեսով կը շինեն եղեր։

— Ժամացո՞ւյցը։

— Ո՞ր ժամացույցը։

— Թորոս աղային ժամացույցը։

— Թորոս աղան ո՞վ է։

— Մտիկ չըրի՞ր ուրեմն ըրած պատմությունս։

— Ըրի, կատարյալ մտիկ ըրի,— ըսավ Աբիսողոմ աղան, որ յուր դոմադեսի հարցումովն հաստատեց, թե միտքն ապուրի, ապուրեն դոմադեսի, դոմադեսեն Պոլսո մեջ բրինձի ապուրին ինչպես շինվելուն գնացած էր, և բնավ ունկն չէր դրած Մանուկ աղային խոսքերուն։

Աբիսողոմ աղան շատ իրավունք ուներ յուր տան տիրոջ երկարաձիգ ճառն մտիկ չընելու, մանավանդ անոթի փորով։

Աշխարհիս վրա կան մարդեր, որք կը կարծեն, թե իրավունք ունին մեկու մը քթեն բռնել և ժամերով անոր գլուխը ցավցունել։ Ուրիշներ ալ կան, որ իրենց խոսքերը մտիկ անել տալու համար մարդ կը փնտրեն և եթե չգտնեն, պատրաստ են հոժարակամ օրական վարձ մ’ ալ տալ․ ոմանք ալ ամսականով ունկնդիր կը փնտրեն։ Շատ անգամ ինծի ալ պատահած է այս փորձանքը, և ես մտիկ ընել ձևացունելով՝ իմ գործիս վրա խորհած եմ․ հավանության պատասխաններ տալով ինծի եղած հարցումներուն՝ այնպես է պատասխանած եմ, եթե այնպես է հարցվեր ինծի․ արդարությունն ալ այս է պատասխան տված եմ, երբ արդարությունն ալ այս չէ՞ հարցումն ուղղվեր ինծի․ իրավունք ունիս ըսած եմ, երբ իրավունք չունի՞մ հարցումն եղած է, որպեսզի խոսքը կարճ կապվի։ Դժբախտությունն հոն է, որ գլուխդ ցավցնողն երբեմն այնպիսի հարցում մը կընե, որուն պատասխանելը դժվար է, վասնզի վճիռ տալը քեզի կը թողու։ Օրինակի համար, լմնցնելեն[2] ետքը ճառն, զոր դու բնավ մտիկ ըրած չես կը հարցունե քեզի․

— Մարկոս աղա՞ն իրավունք ունի, թե Կիրակոս աղան։

Ի՞նչ պատասխանելու է․ գործին վրա բնավ տեղեկություն չունիս․ որո՞ւն տալու է իրավունքը․ մանավանդ գիտնալու է, թե իրավունքն որու պետք է տալ, որպեսզի գլուխդ ցավցունողին սիրտը չցավի։ Ասոր ալ ես դյուրին ճանփան գտած եմ և հետևյալ պատասխանները կուտամ․

— Գործն անուշությամբ լմնցնելու է։

— Այո, բայց իրավունքը որո՞ւ քովն է։


  1. Պոմիդոր
  2. Վերջացնել