Այս էջը հաստատված է

— Ի՞նչ օգուտ․․․ գեշ մարդու հետ գլուխ չելնըվիր։

— Այո՛, բայց կաղաչեմ ըսե՛, երկուքեն ո՞րն իրավունք ունի։

— Ինչո՞ւ կստիպես, որ ըսեմ, եղբա՛յր, երկու անգամ երկու չորսի պես հայտնի է իրավունքին ուր ըլլալը։

Շատերն այս պատասխաններովս գոհացուցած եմ․ բայց ոմանք ալ կան, որ կարծես զքեզ ոստիկանության պիտի հանձնեն եթե չըսես, թե Մարկոսն իրավունք ունի, իսկ Կիրակոսն անիրավ է։ Ասոնց ա՛լ ձեռքեն խալսելու համար՝ ստիպո­ղական գործ մ’ ունիմ՝ ըսելով առեր, քալեր եմ։ Իսկ վերջերս տեսնելով, թե այս ընթացքս կը քաջալերե շատախոսները, քաղաքավարությունը մեկդի դնելով՝ օր մը անոնցմե մեկուն ըսի․

— Պարոն, զքեզ երկու ժամ մտիկ ընելու համար երկու ոսկի կուզեմ․ երկու ոսկիեն լումա[1] մը պակաս եթե տաս, չեմ ընդունիր։

Մարդը կես ոսկի տվավ, իսկ ես չընդունեցի և օձիքս խալսեցի։ Այս օրերս կը լսեմ, որ այդ մարդը քառորդ ոսկիի երկու ունկնդիր ևս վարձած է։ Երանի «Մասիսին», որ յուր ուննկնդիրներուն ստակ տալու տեղ անոնցմե ստակ կառնե։

Աբիսողոմ աղան ինծի պես չվարվեցավ և, ինչպես հայտնի է, երբ դոմադեսի հարցապնդումով զգալ տվավ ատենաբանին, թե յուր ճառն բնավ մտիկ ըրած չէր, յուր անքաղաքավարությունն անմիջապես դարմանելու համար ըսավ․

— Կատարյալ մտիկ ըրի։

Աղե՞կ ըրավ։ Հայտնի է, որ գեշ ըրավ, եթե ես յուր տեղն ըլլայի, պարզապես կըսեի Մանուկ աղային․

«Մանուկ աղա, ինձի նայե՛, եղբայրս, երբ որ մեկը խոսիլ կսկսի, խղճմտանքը մեկ դի դնելու չէ։ Ութը ժամե ի վեր անոթի եմ ես և բնավ պետք չունիմ գիտնալ, թե Մարտիրոս աղան որուն տղան է, թե Գևորգ աղան որու հայրն է, թե ժամագործը Թորոս աղային ապտակ հաներ է, թե Թորոս աղան ալ ժամագործին կից տվեր է։

Այսպես կը խոսեի բացե ի բաց, ոչ թե միայն ընկերության մը մեջ գլուխ ցավցնողին, այլ նույն իսկ այն վարդապետներուն, որ շատ խոսելու նպատակավ միայն չորս ժամ քարոզ կուտան և կը վիրավորվին, եթե ժողովրդեն մեկը քարոզի ժամանակ եկեղեցիեն դուրս ելնե։ Եվ արդեն ըսած եմ օր մը եպիսկոպոսի մը, որ հինգ ժամ քարոզ խոսելեն ետքը եկեղեցեեն դուրս ելած էր և խուցը կերթար։

— Ո՞ւր կերթաք, սրբազան,– հարցուցի։

— Շատ քրտնած ըլլալով խուցս պիտի երթամ և լաթ[2] պիտի փոխեմ։

— Դուք ո՞ւր կերթաք,– հարցուց ինծի։

— Ես ալ տուն կերթամ լաթ փոխելու համար,— պատասխանեցի իրեն։

  1. Փոքր դրամ
  2. Շոր, ներքնաշոր