Այս էջը հաստատված է

Եվ այն օրեն ի վեր եպիսկոպոսն կարճ կը խոսի քարոզի մեջ։

Աբիսողոմ աղան չունեցավ այս համարձակությունը և խրախույս տվավ Մանուկ աղային, որ շարունակե յուր ճառը դոմադեսական հարցման պատաս­խանելեն ետքը։

— Դոմադեսը հոս կը գործածենք ապուրի մեջ, բիլավի[1] մեջ և ուրիշ մսեղեն քանի մը կերակուրներու մեջ, բայց բնավ երբեք ժամացույցի մեջ։

— Շնորհակալ եմ․ ապուրի մեջ կը գործածվի ըսել է ես ալ ատ գիտնալ կը փափագեի։

— Ապուրը դոմադես՞ով կը սիրեք, թե ոչ։

— Դոմադեսով կը սիրեմ։

— Շատ աղեկ։ Դառնանք հիմա մեր խոսքին․․․ ո՞ւր մնացինք․․․ հա՛, Թորոս աղային վրա էր։ Տարօրինակ մարդ մ’ե աս Թորոս աղան, ականջը խոսի, շատ պատմություններ ունի․ ուրիշ գիշեր մը զանոնք կը պատմեմ, և ժամանակ կանցունենք։ Երկար չընենք, աս առտու հանդիպեցա Մելքոն աղային․․․

— Բերի, որ տաք տաք ուտենք,— ըսավ տիկինը ներս մտնելով և ապուրը բերելով։

— Այո՛, այո՛, ուտենք, վասն զի շատ անոթի եմ,— ըսավ Աբիսողոմ աղան։

— Հրամմեցե՛ք․․․

— Շնորհակալ եմ, ըսավ Աբիսողոմ աղան և գդալը բերանը տանելու մնաց, մեկեն ի մեկ վեր ցատկեց։

— Կարծեմ թե շատ տաք էր, ներեցե՛ք, Աբիսողոմ աղա,— ըսավ տիկինը։

— Քիչ մը ջուր առ բերանդ, Աբիսողոմ աղա,— ավելցուց Մանուկ աղան։

— Վնաս չունի, վնաս չունի․․․

— Տիկի՛ն, ինչո՞ւ համար ուշադրություն չեք ըներ կերակուրներու տաքու­թյանը կամ պաղությանը,– ըսավ էրիկն կնոջը։

— Ա՛լ այս գիշեր մեր պակասություններուն աչք գոցելու է Աբիսողոմ աղան։

— Վնաս չունի, բան մը չէ։

— Ապուրը մինչև որ պաղի, այս օրվան դեպքը պատմեմ գոնե,– ըսավ Մանուկ աղան։

– Մանո՛ւկ աղա, Աբիսողոմ աղային գլուխ մի ցավցուներ այս գիշեր․ թերևս չախորժիր։

— Ժամանակ անցունելու համար պիտի խոսեի, որ զբոսնու և չնեղվի։

— Ուրիշ գիշերվան թող․ այս գիշեր հոգնած-հոգնած կրնա՞ քեզի մտիկ ընել։

— Կարծեմ թե Աբիսողոմ աղան սիրով մտիկ կընե ազգային գործերը և բնավ ձանձրություն չզգար։

  1. Փլավ