— Ես կռվի մեջ չեմ մտներ, գնա, դուն հաշտեցուր, եթե կռիվ ընողներ կան։
Մանուկ աղան Աբիսողոմ աղային նախաճաշը կը բերե և եռոտանի սեղանի վրա դնելեն վերջը՝
— Հրամմեցե՛ք, ձեր կաթը խմեցե՛ք,– կըսե։
Աբիսողոմ աղան աթոռ մը կառնե, սեղանին առջև կը նստի և կսկսի կաթը խմելու։
— Ի՞նչ որոշեցիք նայինք, Աբիսողոմ աղային պատկերը կե՞ս մեջքեն պիտի քաշեք, թե ոտքի վրա,— կը հարցունե Մանուկ աղան։
— Ոչ կես մեջքեն, ոչ ալ ոտքի վրա,— կը պատասխանե Աբիսողոմ աղան։
— Աթոռի մը վրա նստած ամբո՞ղջ պիտի քաշեք։
— Ո՛չ։
— Պառկա՞ծ պիտի հանեք։
— Ոչ։
— Քովընտի՞[1]։
— Ո՛չ։
— Ի՞նչպես որոշեցիք ուրեմն։
— Որոշեցինք, որ մեր պատկերը բնավ քաշել չտանք։
— Ատ չըլլար․ ատիկա մեծ պզտիկություն է, Աբիսողոմ աղա՛․ հիմա պզտիկներեն բռնե, միչև մեծերը գնա, ամենն ալ տարին քանի մը անգամ պատկերնին քաշել կուտան․ երկու ամսու տղաներն անգամ իրենցն ունեն, միայն իրենց մորը արգանդին մեջ գտնվողները չունին իրենց պատկերը, եթե անոր ալ դյուրին մեկ ճամփան գտնեն, անոնց ալ պիտի հանեն։
— Ես չկրցի համոզել Աբիսողոմ աղան, որ կարծեց, թե զինքը խաբելու համար եկած եմ հոս,— ըսավ պատկերհանը։
— Զէ, չէ, մեր պատկերհանն անանկ մարդ չէ,— ավելցուց Մանուկ աղան։
— Ըսի, թե Աբիսողոմ աղային պես մեծ և երևելի մարդ մը իրեն պատկերն անպատճառ ունենալու է։
— Այո՛, ունենալու է, և քանի մը տեսակ։ Օրինակի համար․ տասներկու հատ պզտիկ, տասներկու հատ միջին, տասներկու հատ մեծ, տասներկու հատ ոտքի վրա, տասներկու հատ աթոռի մը վրա բազմած, տասներկու հատ քովընտի նստած, տասներկու հատ շիտակ նստած, տասներկու հատ ոտք ոտքի վրա դրած, տասներկու հատ ձեռք ձեռքի վրա, տասներկու հատ գլուխը ձեռքին կռնթած, տասներկու հատ ձեռքը սեղանի մը վրա դրած, տասներկու հատ պառկած, տասներկու հատ ձեռքը գավազան բռնած, տասներկու հատ խնդումներես, տասներկու
- ↑ Կողքի ընկած։