և պարապ տեղը ստակե ելլա, Դերենիկին մեկնելեն անմիջապես ետքը հարցուց Մանուկ աղային․
— Եթե պատկերս քաշել չտամ, զիս մարդու տեղ չե՞ն դներ։
— Քավ լիցի, բայց քանի որ ձեր աստիճանի մարդերը իրենց պատկերները հանել տված են, ձեզի ալ կը վայելե, որ անոնց պես ընեք։ Երբ մեկն ձեր պատկերն ունենալ կը փափագի, և դուք պատասխանեք, թե պատկերս քաշել տված չեմ․․․
— Ի՞նչ կըլլա։
— Բան մը չըլլար․․․ բայց․․․
— Բայց ի՞նչ․․․ ագարակներս կառնե՞ն ձեռքես․․․
— Ամենևին։
— Ոչխարներս, կովերս կը հափշտակե՞ն։
— Բնավ․․․ բայց․․․ խավարյալ մարդու տեղ կը դնեն ձեզի, չեն ըներ այն պատիվն, որ կուտան մեծ մարդու։
— Հասկցա, ի՞նչպես հանել տալու եմ ուրեմն պատկերս, որ տարակույս չմնա, թե պզտիկ մարդ չեմ, վասնզի ըսիք, թե պզտիկներն ալ իրենց պատկերներն կը հանեն։
— Ձեր պզտիկ մարդ չըլլալը հասկցնելու համար մեծ պատկեր հանելու եք թիկնաթոռի մը վրա նստած։
— Նոր հագուստներս հագնելու եմ, այնպես չէ՞։
— Այո՛։
— Ժամացույցս ալ կախելու եմ հարկավ։
— Տարակույս չկա։
— Սանկ ծխփող քաշելով և երկու մարդ ալ դեմս բարև բռնելով և մեկն ալ ետևես ձիս բռնելով։
— Այո՛, այո՛։
— Դեռ ուրիշ ի՞նչ պետք է փառավոր երևնալու համար։
— Այսչափ բավական է։
— Կուզեի, որ սպասավորներս երկուքն ալ չախելով[1] դիմացես վռնտեի, և անոնք ալ գլուխնին ծռած դուրս ելնեին․ վերջապես սանկ բաներ չը՞ կրնար ըլլալ․․․ կամ թե մեկը ծեծեի․․․ օրինակի համար, մեր ագարակներուն վերակացուին երեսն ի վեր պոռայի․․․ «մա՛րդ, քեզի քա՞նի անգամներ հրամայեցի, որ մշակներու հետ քաղցրությամբ վարվիս, կովերուս հետ սիրով երթաս, վար ու ցանը ժամանակին ընես, քանի որ ասոնք չըրիր, ես ալ քեզի կը վռնտեմ»։ Վերակացուն ալ թաշկինակովն աչերը սրբելով՝ ոտներուս իյնա, աղաչե և պաղատե ըսելով․ «զավակներուս սիրույն համար ներե՛ հանցանացս․ այսչափ տարիներե
- ↑ Հանդիմանել։