Այս էջը հաստատված է

հետե ձեր հացը կուտեմ, դուք իմ բարերարս եք, ես ձեզ գրկերուս մեջ այնչափ գրկած ու պտտցուցած եմ, երբ դեռ պզտիկ էիք»․․․ վերջապես սըվոր նման բաներ չե՞նք կրնար դնել պատկերին մեջ։

— Ատոնց վրա վաղը կը խորհինք․ մենք հիմա սկսինք մեր երեկվան պատմության, որ կիսատ մնաց։ Մելքոն աղան զիս տեսնելուն պես․․․

— Կամ թե սանկ կռնակի վրա պառկիմ, և սպասավորներս ալ բանթալոնս[1] քաշեն․․․

— Զիս տեսնելուն պես մոտեցավ ինծի և․․․

— Նարկիլեյով ավելի փառավոր չըլլա՞ր․․․

— Մոտեցավ ինծի և ձեռքերս բռնելով ըսավ․ «Թե այսօր չաշխատինք, մեր չուզած մարդերը թաղական պիտի ընտրվին»։

— Սանկ տասը կանգուն[2] երկարությամբ մարբուճ[3] մը․․․

— Անոնք վաղվան գործ են, Աբիսողոմ աղա, թող տվեք, որ սա պատմությունս լմնցնեմ։ Մելքոն աղան թևես բռնելուն պես քաշեց զիս ազգային ընթերցատունն, ուր երիտասարդները նստած թուղթ կը խաղային։

— Ես ալ կըսեմ, որ մարբուճը եթե կարճ ըլլա, ավելի աղվոր կերևնա պատկերին մեջ։

Կյանքիս մեջ հարյուր անգամեն ավելի հանդիպած եմ այս տեսարանին, ուր երկու դերասաններ խոսքն իրարու բեռնեն հափշտակելով, յուրաքանչյուրը կը փափագի առաջ յուր խոսքը մտիկ ընել տալ։ Այո՛, հարյուր անգամ ներկա գտնված եմ․ երկու անգամ ընկերություններու մեջ և իննսունը ութը անգամ Ազգային երեսփոխանական ժողովո[4] մեջ։ Հարյուր մեկերորդ անգամն էր այս, և սատանան կը դրդեր զիս ըսելու այս երկուքեն մեկուն․ «Թո՛ղ տուր դիմացինիդ լմնցնել յուր խոսքն և վերջը խոսե»։ Բայց որովհետև ուրիշ անգամներ այսպես խոսած ըլլալուս համար մեկուն կամ մեկալին սիրտը կոտրած եմ, որոշեցի չեզոքություն պահել, թող տալ իրենց՝ փոխասացություն ընել և սպասել տեսնելու համար, թե ինչպես պիտի վերջանա այս տեսարանն, որ Ազգային երեսփոխանական ժողովո մեջ գրեթե միշտ կռիվով կը վախճանի։

— Իրավունք ունիք,— պատասխանեց Մանուկ աղան, կարճ մարբուճը շատ աղեկ կերևա պատկերին մեջ, բայց և այնպես մաքուր և շիտակ ըլլալու է թա­ղական ընտրվող մարդ մը։



  1. Շալվար։
  2. Երկարության չափ։
  3. Նարգիլեի բարակ, երկար խողովակ, որի ծայրից ծխում են։
  4. Ազգային երեսփոխանական ժողով— ըստ տաճկահայոց Ազգային սահմանադրության երեսփոխանական էր կոչվում այն կենտրոնական պատգամավորական ժողովը, որ գումարվում էր Պոլսում և որին պատկանում էր ազգային գործերի տնօրինության բարձրագույն իրավունքը։