— Դուք աղեկ կը ճանչնա՞ք։
— Իմ ճանչնալս մինակ օգուտ չըներ, քվեարկությամբ կընտրվի։
— Քվեարկությա՞մբ։
— Այո՛, ըսր Սահմանադրության[1], քվեարկությունը կընտրե։
— Ի՞նչ կըսեք, թաղեցին քվե՞ պիտի տա հիմա աղեկ մարբուճ մը ընտրելու համար։
— Թաղականի վրա է մեր խոսքը։
— Թաղական ո՞ւսկից հանեցիր․ մարբուճի վրա է մեր խոսքը։
— Մի՛ բարկանաք, Աբիսողոմ աղա, այնպես ըլլա։
— Ինչո՞ւ բարկանամ պիտի․․․ վաղը կերթանք, հատ մը առնենք։
— Կառնենք։
Այս պահուն սենյակի դուռը բացվեցավ, և կնկան մը գլուխ երևցավ։
Այս կինը Շուշան կը կոչվեր, և յուր արհեստն ալ սիրո միջնորդություն էր․ այրերուն կին կը գտներ, կիներուն այր կը մատակարարեր և զանոնք իրարու հետ ամուսնացնելով յուր աշխատության վարձքը կընդուներ։ Երբեմն ալ այրը կինեն կը զատեր և դարձյալ յուր աշխատության փոխարենը կառներ։ Տարիքն, եթե հարցունես, երեսունվեց է, իսկ եթե հարցունես ինծի, որ միշտ սովորոթյուն ունիմ կնկան մը խոստովանած տարիքին վրա տասն ավելցնել, քառասունվեց է։ Ծաղկի հիվանդությունը յուր նշանները ձգած է անոր երեսը։ Սև և երկար դեմք մը, որուն կեսը կը կազմեր ծնոտը, և որուն մեջ տեղը երկնցած էր քիթ մը, որ բարձր և ճոխ հանգ[2] մ՚ ուներ, կը կրեր յուր վրա երկու փոքրիկ և սև աչեր, որ ամեն վայրկյանին չորս կողմը կը պտտեին։ Հազիվ երկու մատ լայնությամբ ճակատ մ՚ ուներ․ ընքվիները հիվանդութենե թափած էին։
Տիկին Շուշան գլուխը դռնեն ներս խոթելեն ետքը դուռը բացավ և ներս մտավ ըսելով․
— Եթե գաղտնի խոսք մը ունիք, դուրս ելնեմ։
— Ո՛չ,— պատասխանեց Մանուկ աղան,— թաղականի վրա կը խոսեինք։
— Գետնին տակը անցնի այն թաղականի խնդիրն,— ըսավ տիկին Շուշան և ծանրությամբ գլուխն Աբիսողոմ աղային ծռելով՝ գնաց բազմոցի մը վրա նստելու։
— Բարի եկաք, տիկին,— ըսավ Մանուկ աղան։
— Բարի տե՛սանք։ Դուք ալ բարի եք եկեր, Աբիսողոմ աղա․ քաղաքն ի՞նչպես գտաք, նայինք՝ հավնեցա՞ք։
— Հավնեցա, շատ աղեկ է։