Այս էջը հաստատված է

— Այս կողմերը ի՞նչ գործ ունիք,— հարցուց Մանուկ աղա, դարձյալ նշանտո՞ւք[1] մը կա, ի՞նչ կա։

— Հրամմեր եք, սա դիմացի տունը եկա, և անգամ մ՚ ալ ձեզի հանդիպիմ, ըսի։ Սա Անթառամին աղջիկը դիմացինիդ տղուն կուզեմ շինել․ գործն ալ լմնցածի պես էր, բայց տիկին Մարթան յուր աղջիկը տալ ուզելուն համար Անթառամին աղջկանը վրայոք խել[2] մը խոսքեր ըսած է մանչուն, ան ալ քիչ մը պաղած է։ Այսօր եկա, որ զինքը տեսնեմ և համոզեմ, բայց դուրս ելած ըլլալուն՝ վաղը պիտի գամ։

Աղջիկ մ՚ ալ մեր Աբիսողոմ աղային չգտնա՞ս։

Աբիսողոմ աղան ժպտեցավ։

— Տիկինն արդեն իմացուց ինծի վարը, թե Աբիսողոմ աղան կարգված չէ, և ես ալ շիտակը անոր համար վեր ելա,— պատասխանեց տիկին Շուշան ճերմակ թաշկինակովն քիթը սրբելով։

— Անանկ միտք մը ունիմ,— ըսավ Աբիսողոմ աղան տեղեն ելնելով և սիգար մը հրամցնելով տիկին Շուշանին։

— Եթե անանկ միտք մը ունիք, քեզի ալ կրնանք ձեր ուզածին պես աղջիկ մը գտնել․ քսան տարիե ի վեր այս գործին մեջն եմ, ամենքն կը ճանչնամ։ Հրամանքնիդ ի՞նչպես աղջիկ կուզեք, անգամ մը ան հասկանալու եմ ես։

Մանուկ աղան տեսնելով, որ Աբիսողոմ աղան տիկին Շուշանի հետ խոսքի բռնվեցավ, դուրս ելավ՝ ուրիշ անգամի պահելով թաղականի պատմությունն, զոր չէր կրցած ավարտել։

— Աղվոր աղջիկ մը կուզեմ,— պատասխանեց Աբիսողոմ աղան խնդալով։

— Գիտեմ, որ աղվոր աղջիկ կուզես․ ուզած աղջիկդ հարո՞ւստ ըլլալու է։

— Այո՛։

— Պարկեշտ։

— Հարկա՛վ։

— Տասնվեց տասնութ տարեկան։

— Ճիշտ։

— Դաշնակ[3] զարնել գիտնա։

— Գիտնալու է։

— Աղեկ պարե։

— Հրամմեր եք։

— Շատ լավ, ասանկ աղջիկ մը կա ձեռքիս տակը, բայց այս տեսակ աղջիկները գործ չեն տեսներ տունը. առտվնե մինչև իրիկուն ծունկ ծունկի վրա կը դնեն և կերգեն, կը պարեն և կամ բոլոր օրը կը պտտին․ հիմակվընե


  1. Նշանդրեք։
  2. Բավականին։
  3. Դաշնամուր