— Ո՛չ։
— Անգղիերե՞ն։
— Ո՛չ։
— Գերմաներե՞ն։
— Ոչ։
— Վնաս չունի, ես լեզվագետ պիտի ըսեմ ձեզի համար և ձեր վրայոք գովեստով պիտի խոսիմ։
— Ամեն Պոլիս եկողներուն անունները ձեր թերթին մեջ կը գրե՞ք։
— Գրեթե ամենն ալ, եթե ձեզի պես պատվավոր ազգայիններ ըլլան։
— Պոլիսեն գացողնե՞րն ալ կը գրեք։
— Գրեթե կը գրենք, եթե պատվավոր ազգայիններ ըլլան։
— Շատ լավ, իմ անունս ալ գրեցե՛ք, ես ալ պատվավոր ազգային մ՚ եմ։ Մեր քաղքին մեջ արտերու, եզերու, կովերու և ագարակներու տեր եմ․․․ Ասոնք ալ գրե՛,— ըսավ այնպիսի դեմքով մը, որ կը հայտներ, թե մեծ շահ մ՚ուներ այս խոսքերուն հրատարակությանը մեջ։
— Հոգ մի՛ ընեք․ խղճի և արդարության պարտք մը կատարելու համար անոնք ալ կը գրեմ։
— Երկու երեք հատ սպասավոր ալ ունիմ․․․ անոնք ալ լրագրույդ մեկ կողմը կրնա՞ս անցունել։
— Ինչո՞ւ չէ։
— Ոսկիե ժամացույց և շղթա ալ ունիմ, բայց շոգենավուն մեջ չգողցնելու համար վրաս չառի․ անոնք ալ գրել պե՞տք է,— հարցուց Աբիսողոմ աղան, որ բոլորովին մոռցած էր սնտուկները։
— Ատոնք գրելու հարկ չկա։
— Շատ լավ, բայց մյուս ըսածներս լրագրույդ մեջ ամենեն առաջ դիր, որ կարդան։
— Այնպես ընելու միտք ունիմ։
— Խոշոր գրերով գրե՛։
— Հանգիստ եղեք․ ամենեն խոշոր գրերով։
— Միայն հարուստ մարդերուն գալն և երթալն կը գրեք․․․ այնպես չէ՞։
— Այո։
— Եթե աղքատ մարդերն ալ կը գրեք, չեմ ուզեր, որ իմ անունս․․․
— Բնավ երբեք, ստակ չունեցողներուն անունները բնավ չենք գրեր, նույնիսկ եթե հազար ոսկի ալ տված ըլլան դպրոցի մը շինության համար։
— Ըսել է որ դուք ամեն իրիկուն հոս կսպասեք Պոլիս եկող կամ անկից մեկնող հարուստները տեսնելու և անոնց անունները հրատարակելու համար, որպեսզի ժողովուրդն գիտնա, թե ով եկած է և ով գացած է․․․ Տարակույս չկա, որ վաղը իրիկուն իմ անունս պիտի կարդամ ձեր լրագրին մեջ։