— Հայրը հարո՞ւստ է։
— Շատ հարուստ է, բայց հարստությունը չցցուներ։
— Շատ խանութնե՞ր ունի։
— Քսանի չափ։
— Տո՞ւն։
— Քառասունի մոտ։
— Շատ աղեկ, վաղը չէ մյուս օր կերթանք այդ աղջիկը տեսնելու։
— Գլխուս վրա․ ցերեկին կուգամ, և մեկտեղ կերթանք։ Մնաք բարով, Աբիսողոմ աղա, սիրտդ հանգիստ բռնե․ ես քեզ չեմ խաբեր, ուրիշներու կրակե շապիկ հագցնողներե չեմ։ Կեցեք բարով, վաղը չէ, մյուս օր։
Տիկին Շուշանը կը մեկնի։
Մանուկ աղան, որ վարի սենյակն էր և խահվե կը խմեր, տիկին Շուշանին վար իջնալն տեսնելուն պես՝ խահվեի գավաթն թողուց և Աբիսողոմ աղային քովը գնաց։
— Այսպես,— ըսավ,— Մելքոն աղան թևես քաշեց, և մեկտեղ ընթերցատունը մտանք։ Այդ ընթերցատունը ժամանակավ գինետուն էր։ Աստված ողորմի հոգուն, Կոմիկ աղան կը բռներ, աղեկ մարդ մ’ էր, հիվանդություն մը եկավ վրան, շատ բժիշկներ նայեցան, ճար մը չկրցին գտնել, և խեղճը մեռավ․․․
Մանուկ աղային կինը լրագիր մը ի ձեռին ներս մտավ և լրագիրը Աբիսողոմ աղային տալով՝
— Մեծապատիվ էֆենտին հատկապես բարև ըրած է ձեզի,— ըսավ և դուրս ելավ։
Աբիսողոմ աղան աճապարանոք բացավ լրագիրն և կարդաց․
«Վանեն հետևյալը կը գրեն մեզ»։ Աս չէ, վարինը կարդանք, ըսավ և կարդաց․— «Մեր բարեկամներեն մին Մուշեն հետևյալը ղրկած է մեզ ի հրատարակություն»։ Աս ալ չէ, մյուսը նայինք․ «Քուրիե տ’ Օրիանի»[1] մեջ հետևյալ տողերը կը տեսնվին»։ Մյուս երեսն անցնինք․ «Թայմզի»[2] թղթակիցը հետևյալը հեռագրած է հիշյալ լրագրին»։ Ասոնց մեջ իմ անունս չկա․․․ սա կտորը նայինք․․․ «Մայրաքաղաքիս ազնվական դասուն անդամ մ’ալ ավելցավ այս օրերս։ Երևելի վաճառական և բազում ագարակներու տեր, ազգասեր, լեզվագետ, ազնվասիրտ և վեհանձն Աբիսողոմ էֆենտի, որ մեր ազգայնոց