Այս էջը հաստատված է

զանոնք ընդունիլ ի պաշտպան կանգնիլ լրագրության, որ մեր մեջ ընթերցա­սիրության չտարածվելուն պատճառովը դժբախտաբար գեշ վիճակի մը մեջ կը գտնվի։

Մնամք հարգանոք
խմբագիր-տնօրեն
…… լրագրո»
(ստորագրություն)

Աբիսողոմ աղան նամակը ծալլելու վրա էր, տիկինը ներս մտավ․

— Մեծապատիվ էֆենտին սիրով բարևներ կընե եղեր ձեզի,— ըսավ և նա­մակով մը գիրքեր ներկայացուց Աբիսողոմ աղային, որ նամակը բացավ և սկսավ կարդալ․

«Մեծապատիվ էֆենտի,

Իմ մտքիս ծնունդն եղող քերթվածները հրատարակած ըլլալով՝ արժան դատեցի անոնցմե քառասուն օրինակ ձեզ ղրկել։ Կը հուսամ, որ շնորհ կընեք զանոնք ընդունելու և կերպով մը քաջալերություն տալու ինձ, որպեսզի մյուս քերթվածներս ալ քիչ օրեն հրատարակության տամ։

Խնդրելով, որ ընդունիք իմ խորին մեծարանացս հավաստիքը, մնամ ձերդ մեծապատվության խոնարհ ծառա»։

(ստորագրություն)

Աբիսողոմ աղան նամակը գոցեց և քովը դրավ։

Տիկինը դարձյալ ներս մտավ։

— Մեծապատիվ էֆենտին բարև՞ ըրած է դարձյալ,— հարցուց Աբիսողոմ աղան։

— Ո՛չ, բեռնակիրներեն մեկը եկած է և կրողչեքը կուզե։

Աբիսողոմ աղան քսան դահեկան հանեց, տվավ։

Տիկինը դուրս ելավ, դուռը գոցեց։

— Ընթերցատան մեկ անկյունը քանի մը հոգի նստած ընտրելի թաղականներու ցուցակը կը պատարաստեին,— ըսավ Մանուկ աղան՝ յուր պատմության թելն ձեռք առնելով։— Անոնք մեր կողմեն չէին և կաշխատեին, որ իրենց ուզած կաշառակեր մարդերը թաղական ընտրեն։

— Տղուն— մեկը եկավ սա գիրքերը ձգեց, գնաց,— ըսավ տիկինը նորեն մտնելով․— մեծապատի՛վ Էֆենտին շատ բարև կընե եղեր և այսօր կամ վաղը պիտի գա եղեր զձեզ տեսնելու։

Տիկինը գրքերը սեղանի մը վրա դրավ։

— Ի՞նչ ընեմ այսչափ գիրքերը, գրավաճա՞ռ պիտի ըլլամ ես։ Չեմ ուզեր, ալ ասկից վերջը եթե բերող ըլլա, մի ընդունիր, Աբիսողոմ աղան հոս չէ՝ ըսե և ճանփե։