— Ատ ալ չըլլար, դուն խմբագիրները չես ճանչնար․ անոնց մեջ կը գտնվին այնպիսիներ, որ երբ իմանան, թե իրենց ընկերներեն մեկուն լրագիրն առած ես և իրենցը չես առեր, վրադ կը հարձակին և չլսված խոսքեր կընեն։
— Եթե այնպես է ընդունե, որչափ լրագիր որ բերեն, ի՞նչ ընենք, բռնվեցանք անգամ մը․ եթե գիրք բերեն, մի ընդունիր։
Տիկինը գլուխը ծռելով դուրս ելավ։
— Թեպետ այդ մարդիկն իրենց ուզածները թաղական ընտրելու, կաշխատեին, բայց իրենց մեջ ալ անմիաբանություն կար․ ակնավաճառն յուր առաջին հաճախորդը կուզեր թաղական ընտրել, Հացագործն կուզեր թաղական ընտրել այն մարդն, որուն տունը օրը տասը հաց կուտար․ դերձակն թաղական տեսնել կը փափագեր այն երիտասարդն, որուն վրա շաբաթը երկու անգամ հագուստ կը ձևեր, կը կարեր․ համետագործը[1] քվե տալ կուզեր այն հարուստին, որուն մեկ երկու համետ կը շիներ տարին․ խմբագիրն յուր բոլոր բաժանորդները թաղական խորհրդո մեջ տեսնել կուզեր․ փաստաբանը իրեն շատ դատ հանձնողին քվե կուտար․ բժիշկն՝ յուր ամենեն ծանր հիվանդին, և գինեպանն ալ ամենեն շատ օղի և գինի խմողին կուզեր հանձնել թաղին գործերը։ Ահա այսպես իրենց մեջ․․․
Մանուկ աղան դարձյալ չկրցավ շարունակել յուր պատմությունը, վասնզի ուրիշ հյուր մը ներս մտնելով ընդհատեց անոր խոսքը։
Այս հյուրը մաքուր հագված երիտասարդ մ՚ էր․ յուր կլոր և ճերմակ դեմքը շրջանակված էր դեղինով խառն սև մորուքե մը, որ շատ չէր վայլեր։ Պատկերներ կան, որ առանց շրջանակի ավելի գեղեցիկ կերևան․ թեպետ և կան ալ, որ գեղեցիկ երևալու համար շրջանակի կը կարոտին։— Եթե բնությունը չարգիլեր կիներու շրջանակի մեջ անցունել իրենց դեմքերն, այսօր ո՜րչափ կիներ մորուք պիտի ունենային։ Այս երիտասարդը ներս մտնելուն պես հանեց յուր սև և երկար գլխարկն և բարևեց սենյակին մեջ գտնվող երկու բարեկամները։
Մանուկ աղան անմիջապես դուրս ելավ բարկությամբ մռմռալով․
— Այս տարիքն եկած եմ, և ասանկ բան գլուխս եկած չէր․ թո՛ղ չեն տար, որ երկու խոսք ընեմ․ հազիվ թե բերանս կը բանամ, մեկը կուգա, կսկսի խոսել, և իմ խոսքս բերնիս մեջ կը մնա։
— Աբիսողոմ աղա հրամանքնի՞դ եք,— հարցուց հյուրն բազմոցի վրա նստելեն ետքը։
— Այո՛, ես եմ։
— Շնորհակալ եմ, որ Աբիսողոմ աղան դուք եք․ ձեր գալուստը լրագրի մեջ կարդացի և շատ ուրախացա, որ ազգերնուս մեջ ձեզի պես ազնիվ սիրտ
- ↑ Թամբ, ավանակի համար նստատեղ շինող։