կրող ազգասերներ պակաս չեն, վասնզի այն ազգն, որ ազգասեր չունի յուր մեջ, ազգ չէ։
— Այո՛։
— Փոխադարձաբար այն ազգասերն ալ, որ ազգ չունի, ազգասեր չէ։
— Շիտակ է։
— Այս երկուքն իրարու հետ այնպիսի սերտ կապակցություն մ՚ ունին, որ իրարմե բաժնելուդ պես՝ երկուքն ալ կը կորսվին։
— Այնպես է։
— Ազգ մը, որ յուր աշխատավորները չքաջալերեր,— ավելցուց հյուրն միշտ ծանր և լրջագույն եղանակով մը,— ազգերու կարգ անցնելու բնավ իրավունք չունի։
— Շատ աղեկ կը խոսիք։
— Եվ երբ աշխատավոր մը վարձքը չընդունիր յուր ազգեն, բնականաբար կը վհատի և երբեմն կը խորհի երթալ ինքզինքը ծովը նետել։
— Ատ տղայություն է։
— Ներեցե՛ք, Աբիսողոմ աղա, եթե մեր այս առաջին տեսությանը քիչ մը համարձակ կը խոսիմ ձեզի հետ։
— Հոգ չէ։
— Ծառադ վեց տարի Եվրոպա մնացած եմ և բժշկություն սորված եմ։
— Աղեկ արվեստ։
— Գիշերները քունս ծախելով կարդացած ու գրած եմ, որպեսզի քաղաքս դառնամ և ազգիս ծառայություն ընեմ։
— Մարդ ալ յուր ազգին ծառայություն ընելու է։
— Երկու տարի է, որ հոս կը գտնվիմ, և մինչև այսօր հազիվ չորս հիվանդ նայած եմ․ հասկցիր, թե ի՞նչպես կը քաջալերվին հոս բժիշկները։
— Ցավալի բա՜ն․․․ այս տեղացիները հիվանդ ըլլալու սովորություն չունի՞ն․․․
— Ունին, բայց հոս հիվանդները ազգային զգացում չունին, Հայաստանի վրա գաղափար չունին։
— Ի՞նչ կըսեք։
— Այո՛, երբ հայ մը հիվանդ ըլլա, օտար ագգե բժիշկ մը կը բերե յուր տունը՝ առանց գիտնալու, թե հայու ցավն հայը կարող է միայն բժկել, առանց համոզվելու, թե օտարը չէ կարող հայու ցավուն դարման ըլլալ։ Այսօրվան օրս երկու հազարեն ավելի հայ բժիշկ կա․ ասոնց մեջեն հինգ վեց հատը, մանավանդ երկու երեք հատը պատվական կյանք կանցունե, և անդին մնացածը ամեն օր բերանը բաց կսպասե, որ հիվանդ մը ներկայանա իրեն և ստակ առնե։
— Գեշ վիճակ։
— Ի՞նչ ընեն ազգային բժիշկներն, երբ ազգային հիվանդներն օտարներու