Այս էջը հաստատված է

կը դիմեն… ո՛հ, օտարասիրություն, օտարասիրություն,— գոչեց բժիշկն աչերն երկինք վերցնելով,— ե՞րբ պիտի երթաս մեր քովեն։

— Օտարասիրությունը աղեկ բան չէ։

— Մանավանդ թե բժիշկները քաջալերելու չափ հիվանդություն ալ չկա մեր ազգին մեջ․ և այն ազգին մեջ, որ հիվանդությունը տարածված չէ, պարապ բան է Եվրոպայի բժիշկներուն չափ ճարտար բժիշկներ հուսալ, ինչպես նաև այն ազգն, որու մեջ ընթերցասիրությունն տարածված չէ, իրավունք չունի տաղանդավոր և հանճարեղ հեղինակներ ունենալու․ տաղանդն և հանճարն առանց քաջալերության կը մեռնի։

— Շատ իրավունք ունիք։

— Չեք կարող երևակայել, Աբիսողոմ աղա, թե որչափ հուսահատած եմ․ հազար անգամ զղջացած եմ, երկու հազար անգամ անեծք կարդացած եմ բժիշկ ըլլալուս համար․ ո՜ւր էր, թե բժիշկ ըլլալու տեղ հիվանդ ըլլայի և․․․ մեռանեի․ մեր ազգին մեջ հիվանդությունը բժշկութենեն աղեկ է, վասնզի տգիտու­թյունն գիտութենեն ավելի կքաջալերվի․․․ թեթևությունը ծանրութենեն ավելի հարգ կը գտնե, մոլիներն առաքինիներեն ավելի պատիվ կը վայելեն․ ճշմարիտ աստված, ուխտ ըրած եմ, որ եթե օր մը երևելի ազգայիններեն հի­վանդ մը նայիմ, անոր անունը լրագիրներու մեջ բարձրացունեմ։

Այս խոսքին վրա Աբիսողոմ աղա արթնցավ, այսինքն փառասիրությունն արթնցավ։ Ի՜նչ անուշ բան է թերություններ հավաքել միամիտ մարդերու վրայեն։ Խորամանկներն երբեմն վարպետությամբ այնքան կը կեղծեն իրենց թերություններն, որ անոնց հավաքիչները կը շվարեցնեն․ վասնզի անոնք երբեմն միամիտ և երբեմն խորամանկ կը ձևանան, ժամ մը՝ տգետ, ժամ մը՝ գիտուն, մերթ՝ անաչառ, մերթ՝ աչառու, մերթ՝ կեղծավոր, մերթ՝ անկեղծ, և երբ ազգային նշանավոր, հանճարեղ և հերանուշ Ծերենցը[1] ասոնցմե մին նկարագրե­լով անբնական անձ մը ներկայացնե, ամեն կողմեն կը բասրվի, թե Ծերենցն տակավին Մանուկենց[2] է անձեր ստեղծելու արհեստին մեջ, թե միևնույն ան­ձին վրա Ադամն և Նեռն[3], սատանան և հրեշտակն, Զոյիլն[4] և Հոմերոսն[5], արականն


  1. Ծերենց (1822-1888) բժ․ Հովսեփ Շիշմանյանի գրական կեղծանունն է։ Հայտնի են նրա երեք պատմական վեպերը՝ «Երկունք», «Թորոս Լևոնի», «Թեոդորոս Ռշտունի»։
  2. Մանուկենց— Այստեղ հեղինակը բառախաղ է անում Ծերենց կեղծ անունը նկատի ունենալով։
  3. Նեռ— հակաքրիստոս (ըստ քրիստոնեական վարդապետության պետք է հանդես գա աշխարհի վախճանի ժամանակ և կռվի Քրիստոսի դեմ)։
  4. Զոյիլ— հունական անվանի հռետոր, փիլիսոփա և քննադատ էր (IV — III դար Ք․ ա․)․ նրա անունը դարձել է հասարակ անուն մանրախնդիր, նախանձոտ և խայթող քննադատի համար, որովհետև Զոյիլը թունոտ, ոչնչացնող քննադատության է ենթարկել Հոմերոսին («Հոմերոսի խարազան»)։
  5. Հոմերոս— հունական ավանդությունների համաձայն՝ ապրել է մոտավորապես 10-րդ — 9-րդ Ք․ ա․) հույն ժողովրդական երգիչ էր, որին վերագրում են «Իլիական» և «Ոդիսական» աշխարհահռչակ պոեմները․ թարգմանված են բոլոր կուլտուրական ժողովուրդների լեզուներով, ինչպես և հայերեն։