— Այո՛, ձեր հասցեն տվեք, որ տեղական թղթատարով ղրկեմ լրագիրը։
— Բերա, Ծաղկի փողոց, թիվ 2։
— Շատ աղեկ,— ըսավ խմբագիրն և գրպանեն թուղթ մը հանելով բաժանորդներուն ցուցակին մեջ անցուց Աբիսողոմ աղան։
— Վաղը առտու լույսը չճղքված ղրկե, որ կարդամ իմ անունս լրագրին մեջ։
— Իրիկվան դեմ կը ղրկեմ, վասնզի լրագիրս իրիկունները կը տպվի։
— Որչա՛փ ուրախ կըլլայի, թե ձեր վաղվան լրագիրն առտուն տպեիք․․․ բայց վնաս չունի, իրիկվան թո՛ղ ըլլա, բավական է․ որ անունս խոշոր գիրերով գրվի։
— Այդ մասին հանգիստ եղե՛ք․ վաղը իրիկուն անպատճառ կը ղրկեմ լրագիրն ընկալագրով։
— Ընկալագրո՞վ․․․ Տեղական թղթատարով պիտի ղրկեիք հապա․․․ Ընկալագիրն ո՞վ է, անունս գիտե՞․․․
— Ընկալագիրն թուղթ մ՚ է, որուն մեջ կը գրեմ «Ընկալա մեծապատիվ Աբիսողոմ աղայեն․․․ լրագրո տարեկան բաժանորդագին մեկ ու կես ոսկի» և այդ թուղթը ձեզի կը հանձնեմ, որով տարի մը իրավունք կունենաք իմ լրագիրս ընդունելու։
— Տարի մը շարունակ պիտի գրե՞ք իմ անունս։
— Չէ, բայց դուք բաժանորդ պիտի ըլլաք իմ լրագրույս՝ մեկ ու կես ոսկի վճարելով ինծի։
— Մեկ ու կես ոսկի՜՜․․․ շատ է․․․ երեք քառորդ ոսկի չբա՞վեր։
— Խմբագիրները բաժանորդագնույն վրա սակարկություն չեն ըներ․․․։
— Շատ լավ․ ղրկեցեք ձեր լրագիրն և այն թուղթը, բան մը կընենք։
— Սակայն չկարծեք, թե ես բաժանորդ գրելու նպատակով զձեզ տեսնելու եկա, քավ լիցի, այդ պզտիկությունը չեմ ընդունիր․ բարեկամական պարտք մը կատարելու համար եկա զձեզ տեսնելու։
— Հայտնի բան է։
— Բնավ ձեր մտքեն չանցունեք, թե այս մարդը մեկ ու կես ոսկի փրցնելու համար զիս տեսնելու եկավ։
— Չեմ անցուներ։
— Վասնզի կան խել մը մուրացկան խմբագիրներ, որք Պոլիս եկողները կողոպտելու համար անոնց քովը կերթան և բաժանորդ կը գրեն զանոնք․ ես այդ բանը չեմ կարող ընել, վասնզի բնությանս մեջ չկա․․․ ես իբրև պատվավոր մարդ կուզեմ ապրիլ։
— Հասկցա, իբրև պատվավոր մարդ կուզեք ապրիլ։
— Ինձ հետ ձեր ունեցած այս տեսակցությունն ալ ուրիշի մի՛ զրուցեք, վասնզի տեսակ մը բախտանդիր, չվառական անձեր կան, որք բանդագուշական կենսագրություններ կը գրեն և իմ անձնականությունս կը խծբծեն։