Այս էջը հաստատված է

գործ մը գեղեցկացնելու աշխատելու է, կըսե, անոր գեղեցիկ կողմերը ցույց տալով և միշտ տգեղ կետերը հեռուանց ցցունելով խիստ քիչ անգամ։ Ո՛չ, պարոն քննադատներ, ո՛չ, իրավունք չունիք, սպանեցեք տգեղ գործերն և վստահ եղեք, որ պիտի գեղեցկանան անոնք։ Մարդեր կան, որ կը գեղեցկանան, երբ մեռնին։ Ես, որ այսչափ խստությամբ կը խոսիմ ուրիշներու երկերուն վրայոք, կը կարծեք, թե քաղցրությամբ կը վարվիմ «Մուրացկաններուս» անձերուն հետ, որոնց բերնեն ելած խոսքերն միայն բառ առ բառ կը գրեմ հոս, առանց իմ կողմեն կետ մ՚ ավելցնելու hանդգնությունն ունենալու։ Բնավ եր­բեք, մանավանդ թե կզգամ, որ իմ անձերս ալ ունին շատ թերություններ, զորս օր մը պիտի հարվածեմ։ Նույնիսկ մեծ թերություն մ՚է, որ պատմիչ մը յուր պատմության թելը կտրե և յուր ընթերցողներն երկու ժամ խնդիրեն դուրս խոսքերով զբաղեցնե։ Բայց ի՞նչ ընեմ, այս թերությունս իմ առավելությունս է, վասնզի այս թերությանս շնորհիվ է, որ կրցած եմ քանի մը ընթերցող­ներու տեր ըլլալ, թերություն, որ թերություններ ուղղելու պաշտոնն ունի։ Այսչափ բացատրություն ալ թերությանս համար։ Դառնանք ուրեմն մեր պատմության։

Աբիսողոմ աղան, ինչպես ըսինք, ականջները տնկեց, երբ իմացավ, որ բժիշկն եթե հիվանդ մը գտնե, անոր անունն լրագիրներու մեջ պիտի հրատա­րակե․ ուստի անմիջապես տկարություն ունենալ ուզեց։

— Աղեկ եղավ, որ,— ըսավ բժշկին,— այսօր հոս եկաք, վասնզի քանի մ՚ օրե ի վեր վրաս գեշություն մը կա։

— Ի՞նչ կգգա՞ք,— հարցուց բժիշկը։

— Գեշություն մը կզգամ։

— Ո՞ր կողմդ։

— Ո՞ր կողմս։

— Այո՛։

— Ամեն կողմս։

— Ախորժակդ ի՞նչպես է։

— Աղեկ է։

— Կերածդ շատ մը կը մարսե՞ս։

— Կը մարսեմ։

— Գիշերները հանգիստ կը քնանաս։

— Շատ հանգիստ, բայց վրաս գեշության մը կզգամ։

— Գլուխդ երբեմն կը ցավի՞։

— Այո՛։

— Վրադ սանկ թուլության պես բան մը․․․

— Ճիշտ։

— Երբեմն դողալ մը սանկ․․․