Այս էջը հաստատված է

— Այո, այո, դողալ մը սանկ․․․ (մեկուսի) կյանքիս մեջ դողացած չունիմ։

— Դողալեն վերջը տաքություն մը․․․

— Տաքություն մը։

— Տաքութենեն վերջը քրտինք մը․․․

— Քրտինք մը։

— Առտուները լեզվիդ վրա լեղիություն մը։

— Այո՛, լեզվիս վրա լեղիություն մը։

— Հասկցա, բան մը չէ, կանցնի, ինքզինքդ մսեցուցած ես։

— Ինծի ալ այնպես կուգա, որ ինքզինքս մսեցուցած եմ։

— Շատ բժիշկներ կան, որ այս հիվանդությունը չեն հասկնար, սխալ դեղեր կուտան, ուրիշ հիվանդություն կը հրավիրեն։

— Ուրախ եմ, որ դուք աղեկ հասկցաք, դեղ մը տվեք, որ շուտ մը անցնի։

Բժիշկը ծոցեն հանեց թերթակալը կամ տետրոնը[1]— երկուքեն որն որ ուզեք, կրնաք գործածել․ ազատ եք նաև ոչ մին գործածելու և ոչ մյուսն,— թուղթ մը քաշեց անոր մեջեն և մատիտով քանի մը բառ գծելեն ետքը թուղթին վրա՝ Աբիսողոմ աղային տվավ զայն՝ ըսելով․

— Ասիկա կարմիր ջուր մ՚ է․ ժամը մեկ անգամ կը խմեք անկից խահվեի գավաթով․ թեպետ և քիչ մը լեղի է, բայց ազդու է։

— Շատ աղեկ։

— Մոռցա հարցնելու, թե բնությունդ ի՞նչպես է։

— Բնությունս․․․ շիտակը, խարդախ մարդերեն չեմ ախորժիք․ ամենուն հետ աղեկ կը վարվիմ․․․

— Ամեն առտու, դուրս կելլա՞ք,— հարցուց բժիշկն՝ խոսքին ձևը փոխելու ստիպվելով։

— Հոս գալես ի վեր երկու առտու դուրս չկրցի ելնել։

— Իրա՞վ կըսեք։

— Սուտ խոսելու ի՞նչ պարտք ունիմ։

— Ուրեմն դեղ մ՚ ալ գրեմ։

Բժիշկը դեղագիր մ՚ ալ գրեց և Աբիսողոմ աղային տվավ։

— Նախ այս դեղը պիտի առնես,— ըսավ բժիշկն, որպեսզի վաղը առտու դուրս ելնես և վերջը մյուս ջուրը պիտի խմես։

— Եթե այս դեղեն խմեմ, վաղը առտու անպատճառ դուրս կրնա՞մ ելնել։

— Այո՛, անպատճառ։

— Այս ի՜նչ աղվոր դեղ է․․․ Հապա թե որ դարձյալ հյուրեր գան և զիս խոսքի բռնե՞ն։


  1. Բլոկնոտ, ծոցատետր