Այս էջը հաստատված է

Այս վերջին խոստովանությունը քիչ մը խենդություն երևցավ Աբիսողոմ աղային, որ խղճմտանքը հանդարտեցնելու համար ըսավ ինքնիրեն։

Լսողն ալ պիտի կարծե, թե հիվանդ չեմ և շինծու հիվանդ եղած եմ․ քանի մ՚ օրե ի վեր է, որ անհանգստություն մ՚ ունիմ, ոչ կրնամ ուտել և ոչ քնանալ, հազ մ՚ ալ ունիմ, որ գիշերները չքնացներ զիս։

Ո՜վ փառասիրություն, իրավ է, որ դուն երբեմն խելացիները խենդ և խենդերը խելացի կընես․․․


Թ

Աբիսողոմ աղան բերանը քիչ մը բան դնելու համար վար իջավ, բայց երբ տեսավ, որ քանի մը հոգիներ նոր եկած էին զինքը տեսնելու, անոնց ձեռքեն խալսելու համար տունեն դուրս ելավ․ եթե այսպես չըներ և ամեն այցելություններն ընդունելու ըլլար, ժամանակ պիտի չունենար ոչ ուտելու, ոչ քնա­նալու և ոչ արթննալու։

Աբիսողոմ աղան դեռ Պոլիս չեկած՝ իմացած էր, թե Բերա գաղիական[1] ճաշարան մը կար և երևելի մարդերը հոն կերթային ճաշելու․ ուստի տունեն դուրս ելնելուն պես միտքը դրավ հիշյալ ճաշարանն երթալու։

Հազիվ թե քանի մի քայլ առավ, հիսուն տարեկան նիհար և պատռտած հագուստներով մեկը դեմն ելավ։

— Կարծեմ Աբիսողոմ աղա հրամանքնիդ եք։

— Այո՛, ես եմ։

— Քանի մի վարկյան ձեզի հետ տեսնվիլ կը փափագեի։

— Է։

— Նոր եղանակով, նոր դասագիրքեր հանած եմ, անոնցմե հարյուրի չափ ձեզի տալ կուզեի․ ներեցեք համարձակությանս, ի՞նչ ընենք, այս համարձակու­թյունը մեզի տվողն ազգն է, որ չքաջալերեր յուր դասատուներն և թող կուտա, որ անոնք խեղճ վիճակի մեջ ապրին։ Ա՜հ, եթե այսօր դասագիրքերը չկարենամ քշել, տպարանապետը բանտը պիտի դնե զիս․ դեռ տպագրության և թուղթի ծախքը վճարած չեմ իրեն, և ամեն օր կսպառնա ինծի։

— Դասագիրքն ի՞նչ պիտի ընեմ ես։

— Ձեր բարեկամներուն կուտաք․ կաղաչեմ, խնդիրքս մի մերժեր․ վեցական դահեկանեն վեց հարյուր դահեկան կընե, և այդ գումարն ալ ձեզի համար մեծ բան մը չէ։

— Գաղիական ճաշարանն ո՞ր կողմեն կերթցվի։

— Ասկից կերթցվի, սիրով կառաջնորդեմ ձեզի հոն։



  1. Ֆրանսիական