Այս էջը հաստատված է

— Շնորհակալ կըլլամ։

— Կը քալենք և կը խոսինք։ Դասատուներն ազգին ծառաները համարված են և ամենուն երեսեն ինկած, մինչդեռ անոնք ազգին տերերն են։ Ազգ մը անոնցմով առաջ կերթա․ բայց ի՞նչ օգուտ, մեր մեջ քաջալերություն չկա։ Դասատու մը այսօր դպրոցի մը պաշտոնի կը կոչվի և քանի մ՚ օրեն կը ճանփվի, վասնզի հոգաբարձուներեն մեկուն գետնեն բարև չէ տվեր։ Եթե քանի մը ամիս պաշտոն վարե և ամսական ուզե․ կը վռնտվի՝ ամսական ուզած ըլլալուն համար, և միշտ սա խոսքերը կը լսե․ «Ազգին ստակովը[1] կապրիք, ազգին վրա բեռ եղած եք․ գացե՛ք, կորսվեցե՛ք»։ Ա՜հ, Աբիսողոմ աղա, չեք գիտեր, թե ինչ կը քաշեն Պոլսո դասատուները․ խեղճության զենիթը բարձրացած են․ չեմ կարծեր, որ ասոնք իմանալեն ետքը դասագիրքերես հարյուր օրինակ չառնեք։

— Այդ ճաշարանն ասկից շատ հեռո՞ւ է։

— Չէ, մոտեցանք։ Միայն դասատուները չեն, որ այս վիճակի մեջ են․ խմբագիրները, հեղինակները, տպարանապետները, գրավաճառներն, վերջապես անոնք, որ գիրքով կզբաղին, թշվառությամբ կը զբաղին։ Հառաջիմություն կը պոռանք և ետ ետ կերթանք, լույս կը պոռանք և դեպի խավար կերթանք, աջ կը կոչենք և դեպի ձախ կերթանք, ապագա կըսենք և դեպի անցյալը կը վազենք։ Ո՜հ, մեծ մեծ խոսքեր, իսկ մեծ գո՞րծ․․․

Ո՜հ, մեծագործություն․․․

Ո՜հ, մեծախոսություն․․․

— Կերակուրներն ի՞նչպես են այն ճաշարանին։

— Աղեկ են։ Հարյուր դասագիրքը տունը ղրկե՞մ, թե․․․

— Պատասխանը քանի մ՚ օրեն կուտամ․․․

Երկու բանակիցներն խոսելով հասան ճաշարանին առջև։

— Հրամմեցե՛ք, մտե՛ք, Աբիսողոմ աղա։

Աբիսողոմ աղա կը մտնե ճաշարան և չորս կողմը հայելիներե ուրիշ բան չտեսնելով՝

— Սխալ եկանք,— կըսե,— հոս հայելի կը ծախեն։

— Չէ, չէ։

Երկու, բարեկամներն կը նստին սեղանի մ՚ առջև։

Մանչուկը կը բերե կերակուրներու ցուցակը։

Աբիսողոմ աղա թուղթը կառնե, վրան կը նայի, կը դարձունե, ետևի կողքմն ալ կը նայի և սեղանին վրա կը դնե։

— Ի՞նչ պիտի ուտեք,— կը հարցունե դասատուն։

— Միսով կերակուրը կուտեմ ես։





  1. Դրամ, փող։