Այս էջը հաստատված է

Դասատուն մանչուկը[1] կը կանչե և կերակուր կապսպրե թե՛ Աբիսողոմ աղային համար և թե՛ իրեն համար։

— Ահա այսպես, Աբիսողոմ աղա, դասատուներուն այս վիճակը լսելով չե՞ս ցավիր։

— Չցավիլն ալ խո՞սք է։

— Կը վայլե՞ ազգի մը այսպես մուրացկանի պես ապրեցնել յուր վարժա­պետները։

— Չվայլեր։

— Եթե կուզեք, գիրքերս այս գիշեր տունը ձգեմ։

— Հիմակու հիմա թո՛ղ մնա, ուրիշ օր մը խոսինք ասոր վրա։

Մանչուկը կերակուրները կը բերե․ Աբիսողոմ աղան երեսը խաչակնքելով՝ երկու պատառ կընե և կը կլլե իրեն բերված խորոված միսը․ ետքը բարեկամին դառնալով կըսե․

— Կտոր մը միսով մա՞րդ կը կշտանա․ զրուցե՛ սա անպիտանին, որ քիչ շատկեկ բերե։

Մանչուկը կը կանչվի, և բիլավ[2] կապսպրվի։

Այս միջոցին միջահասակ և գիրուկ երիտասարդ մը կը մտնե ճաշարան՝ ի ձեռին ունենալով ծրար մը և ուղղակի Աբիսողոմ աղային առջև կուգա։

— Կարծեմ,— կըսե,— Աբիսողոմ աղան տեսնելու պատիվը կը վայելեմ։

Աբիսողոմ աղա բան մը չհասկնալով նոր եկողին երեսը կը նայի անբար­բառ։ Քովի բարեկամն ալ ձայն չհաներ։

— Կարծեմ,— կը կրկնե,— այն մեծ մարդուն առջև գտնվելու բարեբախտությունն ունիմ, որ մայրաքաղաքս եկած է մեկենաս անվանվելու համար։

Աբիսողոմ աղան, որ այս ձևերուն տեղյակ չէր, գդալը կառնե և կսկսի ուտել բիլավն, զոր նոր բերած էր մանչուկը։ Սեղանակիցն ալ նոր գրագետի մը գալն իր գործույն արգելք համարելով՝ չուզեր անոր պատասխանել։

— Կարծեմ, կ՚ երեքկնե[3], այդ ազնիվ անձին քովը գտնվելու բախտը կը վայելեմ, որուն անունը քանի մը օր առաջ լրագրի մը մեջ կարդացի։

Աբիսողոմ աղան, որ բիլավով կզբաղեր, դարձյալ պատասխան չտար, և նոր եկողը կստիպվի պարզել յուր խոսքն ըսելով.

— Աբիսողոմ աղան հրամանքնիդ եք կարծեմ։

— Այո՛, ես եմ։

Նոր եկողն աթոռ մը կառնե և կը նստի։

Մանչուկը կուգա հարցնելու վերջեն եկողին, թե ի՞նչ կուզե ուտել։

— Եղի մեջ հավկիթ,—կը պատասխանե՝ ձեռքի ծրարը քովի աթոռին վրա դնելով։



  1. Մատուցող տղա։
  2. Փլավ։
  3. Երրորդ անգամ ասել։