Այս էջը հաստատված է

— Թե վերջը ծեծկվուքի[1] ելեր եք․․․

— Անանկ բան մը բնավ եղած չէ։

— Թե դուք անոր գլխուն զարկեր եք․․․

— Սուտ է։

— Թե անիկա ալ ձեզի ապտակ մը տվեր է․․․

— Բոլորովին սուտ։

— Թե երրորդ մը մեջ մտեր է․․․

— Երկրորդ չկա, որ երրորդ ըլլա։

— Թե քու թևեդ քաշեր է․․․

— Սխալ։

— Թե անոր ալ ձեռքը բռներ է․․․

— Սուտ։

— Թե ասանկով զձեզ բաժներ է։

— Բնավ տեղ չկա։

— Թե դուք այս բաժանումեն գոհ չըլլալով՝ դատ բանալ ուզեր եք։

— Որչա՜փ սուտ։

— Թե վարպետ փաստաբան մը փնտրեր եք․․․

— Ամենն ալ սուտ։

— Թե զիս կանչել տալ ուզեր եք․․․

— Ամենևին։

— Որպեսզի ձեր դատը պաշտպանեմ․ և ես ալ ասոր համար եկա։

— Ատանկ բան մը չկա։

Այս խոսակցության միջոցին երկու երեք հոգի ևս կուգան՝ ամենն ալ Աբիսողոմ աղային կամ գիրք նվիրելու կամ լրագրի մը բաժանորդ գրելու դի­տավորությամբ, և ամենը պատվական ճաշ մ՚ ալ կընեն իրենց առաջարկությունները ներկայացնելով։

Աբիսողոմ աղան հազար անեծք կարդալով ճաշարանն եկած ըլլալուն վրա՝ մանչուկը կը կանչե և հաշիվը կուզե։

Մանչուկն անմիջապես կը բերե հաշիվն, որու գումարն էր քառասուն ֆրանք, զոր տաճկերեն դրամի կը թարգմանեն և կըսեն Աբիսողոմ աղային հայրուր յոթանասուն և վեց դահեկան[2]։

— Հարյուր յոթանասուն և վեց դահեկա՜ն․․․ ես այնչափ բան չկերա։

— Այո՛, դուք չկերաք, բայց ձեզի եկող հյուրերն ալ կերան,— ըսավ փաստաբանն, որու կը վերաբերեր այս դատին պաշտպանությունը։

— Իրավ որ մեծ պզտիկություն եղավ, որ Աբիսողոմ աղան վճարե մեր ճաշը,— ըսավ մին։


  1. Ծեծ։
  2. Թյուրքական ղուրուշ․ (դրամ՝ 8 կոպեկի արժեքով)