— Այո, ես շատ ամոթով մնացի, մեր պարտականությունն էր անոր կերակուր հրամցնելն,— կրկնեց երկրորդ մը։
— Ներեցեք մեր անքաղաքավարությանն,— ըսավ չորրորդ մը,— ուրիշ անգամ մենք ձեզի կը հրավիրենք ճաշի։
Աբիսողոմ աղան առանց պատասխանելու՝ ստակները համրեց և ճաշարանեն դուրս նետեց ինքզինքը՝ որոշելով, որ մեյ մ՚ ալ ճաշարան չմտնե։
Հետևինք ուրեմն Աբիսողոմ աղային, որմե վայրկյան մը չբաժնվեցանք մինչև հոս և բաժնվելիք ալ չունինք մինչև պատմությանս վախճանը։ Ազնիվ ընթերցողն մինչև հոս տեսնելով գրեթե միօրինակ տեսարաններ, որք բնավ հարաբերություն չունին իրարու հետ, քանի մը անգամ մտքեն անցուց անշուշտ, թե ինչո՞ւ միայն Աբիսողոմ աղային օձիքը բռներ կերթանք և մյուս անձերն, անգամ մը ներկայացնելեն ետքը, բոլորովին կը մոռնանք։ Այս պակասությունը, եթե երբեք պակասություն է, մեր վրա գրելու չէ, այլ նյութին բնությանը։ Ամեն նյութ բնություն մ՚ ունի։ Նյութ կա, որուն բնությունն է լալ, նյութ կա, որուն բնությունն է խնդալ, նյութ կա, որուն բնությունն է համոզել, նյութ կա, որուն բնությունն է հուզել, դարձյալ նյութ կա, որուն բնությունն է արձակ, ինչպես նաև կա, որուն բնությունն է ոտանավոր, վերջապես նյութ կա, որուն բնությունն է կրկնություն․․․ Յուրաքանչյուր նյութ իրեն հատուկ ընդհանուր բնութենեն զատ ունի նաև մասնավոր բնություններ։ Եվ որովհետև մենք հոս ճարտասանության դաս տալու պաշտոն չունինք, համառոտիվ մեր միտքը բացատրենք և անցնինք։ Մոլիերի Միզանթրոբն[1] ալ կատակերգություն է, Լե Ֆաշեոն[2] ալ, բայց ասոնց յուրաքանչյուրն
- ↑ Մոլիեր գրական-թատերական կեղծանունն է Ժան-Բատիստ Պոկլենի (1621, (կամ 1622) — 1673), որ հռչակավոր ֆրանսիական դրամատուրգ-կատակերգու էր և դերասան։ Իր ժամանակ առաջադեմ մարդկանց մեկը լինելով՝ Մոլիերը բազմաթիվ կատակերգությունների մեջ խարազանում էր արիստոկրատիայի և հոգևորականության բարքերը («Ժլատ», «Դոն-Ժուան», «Միզանտրոպ», «Տարտյուֆ» և այլն)։ Մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային կոմեդիայի զարգացման վրա։ Նրա պիեսներից մի քանիսը թարգմանվել են հայերեն։
- ↑ Լե Ֆաշեո («Անտանելիները») և Միզանտրոպ («Մարդատյացը») ֆրանսիական հռչակավոր դրամատուրգ Մոլիերի երկու կատակերգության վերնագրերն են։ Առաջին գրվածքը թեթև կատակերգության բալետ է, որի մեջ հեղինակը կարևոր տեղ է հատկացրել պարին, երգին ու երաժշտությանը, մասամբ գրված է Լյուդովիկոս XIV-ի պատվերով, գրական խոշոր արժեք չի ներկայացնում․ իսկ երկրորդը Մոլիերի հանճարի լավագույն գործերից մեկն է․ այն տիպի կատակերգություններից, որոնց մեջ ավելի դրամատիզմն է ուժեղ, քան թե զավեշտը։ «Միզանտրոպը» լուրջ քննադատությունն է տալիս XVII դարի ֆրանսիական արիստոկրատիայի։
Պարոնյանն ուզում է ասել, որ բովանդակությամբ է որոշվում ձևը, և այդ երկու գրվածքի տարբեր բովանդակությունների համեմատ՝ պետք է տարբեր ձև ունենան նրանք։