իրարմե այնքան տարբեր մասնավոր բնություններ ունին, որ Մոլիեր չէր կարող Լե Ֆաշեոյի տեսարաններով Միզանթրոբ մը շինել, ոչ ալ Միզանթրոբի տեսարաններով Լե Ֆաշեոն գրել։ Կարծեմ կրկնություն է ըսել, ես ալ ուրիշ վեպերու տեսարաններով չէի կարող գրել Մեծապատիվ մուրացկաններս, որոնց բնությունն է աներևույթ ըլլալ Աբիսողոմ աղային անգամ մը ներկայանալեն ետքը։ Կը խոստովանիմ, որ եթե սույն նյութը Օվրատիոս[1] առներ, երգիծանք մը կը շիներ, և եթե Մոլիեր ձեռք անցուներ, կատակերգություն մը կը հորիներ․ բայց մենք, որ ապրելու պետք ունինք, ստիպված ենք ժամանակին հարմարիլ, շատ անգամ բանթալոնեն բաճկոն և երգիծանքեն վեպ շինելով։ Այս համառոտ բացատրութենեն ետքը դառնանք Աբիսողոմ աղային։
Աբիսողոմ աղան, ինչպես կը հիշե ընթերցողն, տուն դարձավ՝ շարունակելով յուր բարկությունն, զոր զգացած էր ճաշարանի մեջ ունեցած ինքնահրավեր սեղանակիցներուն վրա։ Տուն դառնալուն պես իմաց արվեցավ, որ քսանի չափ նամակներ ղրկված էին իրեն։ Վեր ելավ, նամակները մեկիկ մեկիկ բացավ, կարդաց, պատռեց և գետինը նետեց։ Սենյակին մեջ քանի մը անգամ դառնալեն ետքը հանկարծ կանգ առավ և պոռաց․
— Ասոնք զիս քթես բռնելով կողոպտե՞լ կուզեն։ Սա քաղաքը գալես ի վեր վայրկյան մը ինքս իմ գլխուս չմնացի․ հազիվ մեկը կերթա, մյուսը կուգա, ստակ կուզե․ ես աս տեղ ամենուն ստա՞կ տալու համար եկա։ Ի՞նչ աներես մարդեր են․․ այսչափ աներեսություն ոչ լվսած բան է, ոչ ալ տեսնված։ Եթե վռնտեմ[2] ըսես, ո՞ր մեկը վռնտելու է, ո՞ր մեկուն հասնելու է․ օրականով չորս հինգ հոգի վարձելու է, որ ուրիշ գործ չունենան, միայն եկողները վռնտեն․․․։ Եթե վռնտելու ելնես, այն ատեն ալ բոլոր քաղաքին մեջ պիտի բամբասեն զիս՝ ըսելով, թե անքաղաքավար մարդ է, թե ստակ չունի։ Չեմ ալ ուզեր, որ վրաս գեշ խոսվի․․․ Աս ի՞նչ փորձանք եկավ գլխուս, տեր աստված․․․ Բարով խերով ոտք չկոխեի սա քաղաքը։ Գլուխ ելնելու բան չէ, շուտով աղջիկ մը գտնելու է, շոգենավ մտնելու և փախչելու է․ ասոնք պիտի սնանկացնեն մարդը․․․ Քաշվելու բան չէ սա․․․ ճաթելու բան է։ Աշխատե, արյուն քրտինք թափե,