— Բռնությամբ գործ ալ չըլլար,— ըսավ Մանուկ աղան։
— Տասը տարիե ի վեր,— ըսավ պատանին,— թատերական բեմին վրա կը քալեմ․․․
— Թող նստեիր,— պոռաց Աբիսողոմ աղան։
— Եվ ազգին ծառայություն կընեմ։
— Աղայություն ընեիր թո՛ղ, ինչո՞ւս պետք իմին, ատոնք պարապ խոսքեր են։
— Իրավունք ունի, ատոնք պարապ խոսքեր են,— կրկնեց Մանուկ աղան։
— Տասը տարիե ի վեր է, որ բարոյական դպրոցի մը մեջ ազգին վարժապետություն կընեմ։
— Ի՞նչ փույթ ինծի։
— Ի՞նչ փույթ անոր,— արձագանք տվավ Մանուկ աղան։
— Եվ իրավունք ունիմ, կարծեմ, ինծի համար տրվելիք ներկայացման ձեզի պես ազնիվ մեկն ալ հրավիրել։
— Ես պետք չունիմ։
— Ան պետք չունի— կրկնեց Մանուկ աղան։
— Եթե դուք օթյակ մը չեք ընդունիր, որո՞ւ ուրեմն տամ օթյակի[1] տոմսակներն։
— Ուր ուզես, հոն տար․ ատ իմ խառնվեու բանս չէ։
— Ատ իր խառնվելու բանը չէ, տղա՛ս,— ըսավ Մանուկ աղան։
— Կաղաչեմ, մի՛ մերժեք այս տոմսակն․ եթե մերժելու ըլլաք, զիս փողոցներու մեջ խայտառակ ընելու պատճառ պիտի տաք։
— Գնա՛ բանդ, ես ձանձրացա այդ տեսակ խոսքեր մտիկ ընելե։
— Ան ձանձրացավ այդ տեսակ խոսքեր մտիկ ընելե,— հարեց Մանուկ աղան։
— Ա՛հ, եթե ասկից ձեռնունայն ետ դառնամ, իմ մահս պիտի տեսնեմ։
— Քեզ մտիկ ընելու ժամանակ չունիմ։
— Քեզ մտիկ ընելու ժամանակ չունի,— ըսավ Մանուկ աղան։
— Մեկ ոսկիի բան է, ընդունեցե՛ք զայն, կաղաչեմ, մեծ հուսով եկած եմ հոս, պարապ ետ մի դարձունեք զիս։
— Դուրս ե՛լ, գնա՛, աստվածդ սիրես, քե՞զ մտիկ պիտի ընենք հոս։
Սենյակին դուռը նորեն բացվեցավ, և մազերու մեջ ճերմակ ինկած՝ հիսունը անցած մարդ մը ներս մտավ հանկարծ և յուր խոսքերն Աբիսողոմ աղային ուղղելով՝
— Չե՞ս խպնիր[2] դուն,— հարցուց։
— Ինչո՞ւ պիտի խպնիմ,— պատասխանեց Աբիսողոմ աղան շվարելով։
— Ինչո՞ւ խեղճ տղան երկու ժամե ի վեր հոս կսպասցնես։