— Ուրիշ ժամացույց մը ալ ունիմ, անի ալ կրնա՞նք մեկ կողմերնիս կախել։
— Մեկ ժամացույցը բավական է, ավելին ավելորդ է։
— Այս հագուստներուս համար հիսուն ոսկի տված եմ․ անոնց խումաշին[1] աղեկ և ընտիր ըլլալն ի՞նչպես պիտի հասկցվի պատկերես։
— Հոգ մի՛ ըներ, կը հասկցվի։
— Ընտո՞ր[2] պիտի ցուցնես։
— Հանգիստ եղե՛ք։
— Չկարծվի սակայն, թե երկու ոսկինոց հագուստ է հագածս։
— Այդ մասին անհոգ եղե՛ք։
— Շատ լավ։
— Ես կերթամ անդիի սենյակն նախնական պատրաստություններս ընելու, քանի մը վայրկենեն հրամանքնիդ ալ հրամմեցեք։
— Շատ աղեկ։
— Եթե կուզեք, մինչև որ անդիի սրահը մտնեք, սափրիչ մը կանչել տանք, որ գա մազերդ ու բեղերդ սանտրե, շտկե ու շտկռտե։
— Աղեկ։
Գործարանի պաշտոնյաներեն մին վազելով կերթա սափրիչ մը բերելու։
Քանի մը վայրկյանեն կուգա սափրիչն, որ գլուխն ծռելով և ետ-ետ երթալով հարգանքներ կը մատուցանե Աբիսողոմ աղային։
— Եկուր սա մազերս շտկե, նայինք,— կըսե Աբիսողոմ աղան։
— Պարտքերնիս է,— կը պատասխանե սափրիչը։
— Աղեկ մը շտկե, որովհետև պատկերս հանել պիտի տամ։
— Գլխուս վրա։ Ա՜բ․․․
— Ես շատ կարևորություն կուտամ գլխուս։
— Ինչու չտաք, վսեմապատիվ տեր․․․ Ա՜խ․․․ եթե դուք չտաք, ո՜վ տա։ Ա՜խ․․․ երանի թե ես ալ ուրիշ մտմտուք[3] չունենայի և․․․
— Շտկռտե[4] նայինք։
— Գիտեմ, որ ես հանցավոր եմ ձեզի բարի եկաքի չգալուս համար, բայց ի՜նչ ընեմ․․․ պարագաները թող չտվին, որ կարենայի կատարել այդ պարտականությունս և այսօր երես ունենայի, աղաչեի ձեր վսեմության, որ․․․
— Վերջը կը խոսինք, սա մազերս սանրե․․․ մարդը կսպասե ինծի։
— Վնաս չունի, անիկա կսպասե։ Աղաչելու ձեր վսեմության, եթե կարելի է, հիսուն վաթսուն ոսկի մը․․․ ես ալ ազգային սափրիչ մ՚ եմ։
— Ի՞նչ ըսել է հիսուն վաթսուն ոսկի․․․