— Հիմա հոս պիտի գա, ես անոր ականջն ի վար կըսեմ, որ այս սափրիչը գոհ ըրե, որովհետև շատ հարուստ տուներ կը մտնե, կելնե և կրնա, եթե ուզե, գործդ ավրել։
— Գործը ի՞նչ է։
— Հարուստ աղջիկ մը կը փնտրե կոր։
— Աղեկ։ Ես ալ կըսեմ, որ քահանայեն զատ մեկու մը մի՛ վստահիր։
— Շատ աղեկ։
— Աս աղեկ ճանփա է։
— Միամիտին մեկն է։
— Այո՛, դյուրահավան է, բայց կողոպտեր են մարդը, էֆենտի՛մ, կողոպտեր են․ մենք շատ ուշ հասանք։
Աբիսողոմ աղան զվարթ դեմքով կը դառնա սենյակն, ուր քահանան սափրիչին հետ կխոսեր։
— Ներեցե՛ք, Աբիսողոմ աղա,— կըսե սափրիչն,— ձեզի այդ խնդիրքն ընելուս համար․ սակայն ես կարծեցի, թե կրնայի իմ կողմես ես ալ ծառայություն մ՚ ընել ձեզ։
— Աբիսողոմ աղա, պետք է գիտնալ, որ,— կըսե քահանան,— մեր սափրիչ էֆենտին գրեթե մայրաքաղաքիս բոլոր հարուստ տուները կը մտնե, բոլոր աղջիկները կճանչնա։
— Ի՞չք կըսեք։
— Այո՛, ինքն ալ բարի մարդ մ՚ է, կատարեցեք խնդիրքը, մեղք է։
— Արժանապատիվ հորեն մի զատվիք, եթե անանկ միտք մ՚ ունիք․ տեր հոր ձեռամբ կարգված երիտասարդներն միշտ գոհ մնացած են։ Ուրախ եմ, որ ձեր գործը տեր հոր պես բանիբուն և գործունյա քահանայի մը ձեռքն ինկած է, վստահ եղեք, որ երջանիկ պիտի ըլլաք ձեր ամուսնության մեջ։
— Բայց դուք ալ պիտի օգնեք ինծի, տեր սափրիչ,— կը հարե քահանան։
— Ես ի՞նչ բանի կարող եմ․․․
— Ձեր աջակցությունն ալ պետք է։
— Կընեմ, ինչ որ կարող եմ ընել։
— Շնորհակալ եմ։ Աբիսողոմ աղան օտարական չէ, ազգային է, կարգվելու համար եկած է հոս․ մեր պարտքն է օգնել իրեն։
— Հարկավ։ Աբիսողոմ աղային հետ ատելություն մը չունիմ ես, մանավանդ թե ինքը շատ բարի ու առաքինի մարդ մ՚ է։
— Երեսին խոսիլ չըլլա, ընտիր մարդ մ՚ է։
— Պատվական մարդ է։
— Վրան նայես նե, կըսես, որ քիպարությունը[1] վրայեն կը վազե կոր։
- ↑ Ազնվություն, վեհանձնություն։