— Ո՞վ կը պնդե՞ հակառակը, ես անոր թշնամին չեմ։
— Այսինքն թե որ քեզի այլ հարցվի նե, բարի վկայություն տաս։
— Անշուշտ։
— Աբիսողոմ աղան չիյ[1] մարդ չէ, քեզի կվարձատրե վերջը։
— Գլխուս վրա, գլխուս վրա։ Ա՜խ, տղուս վկայականն առնվեր անգամ մը։
— Հինգ օրեն ետքը, Աբիսողոմ աղա, հինգ օրեն ետքը պատրաստ են պատկերներդ,— ըսավ պ․ Դերենիկ ներս մտնելով։
— Շատ աղեկ,— պատասխանեց Աբիսողոմ աղան ու գործարանեն վար իջավ ընկերակցությամբ քահանային ու սափրիչին։
Տիկին Շուշան, զոր ընթերցողն մոռցած չէ անշուշտ, Աբիսողոմ աղային տունեն տեղեկացած էր, թե․․․ քահանան Աբիսողոմ աղան գտնելու համար պ․ Դերենիկի գործատունն գացած էր։ Ուստի որսն քահանային հափշտակել չտալու համար՝ հևալով կը վազեր դեպի ի պ․ Դերենիկի գործարանը, ուր կը հասներ ճիշտ այն վայրկենին, որում քահանան սափրիչն վարպետությամբ ճանփելե հետո՝ Աբիսողոմ աղային կբարեխոսե հետևյալ կերպով․ «Ներեցեք, որ քիչ մ՚ ուշացա ճշմարտությունն ձեզի հայտնելու սափրիչի մասին։ Այս սափրիչը աներես մարդ մ՚ է, բոլոր Պոլիս եկողներուն օձիքեն կբռնե և անոնցմե ստակ կորզելու կաշխատի։ Անպիտանին մեկն է։ Իմ պարտքս է, որպես խոստովանահայր, գգուշացնել զձեզ այս կարգի մարդերեն, որք միմիայն քանի մը ոսկի հափշտակելու նպատակով կը մոտենան հարուստներուն։ Ո՜րքան կատեմ այդ մարդերը։
— Շնորհակալ եմ ձեր բարեսրտութենեն և մարդասիրութենեն։
— Երես մի՛ տաք այդ մարդոց։
— Ո՛չ,
— Տեր պապա[2], դու ի՞նչ գործ ունիս Աբիսողոմ աղային հետ,— կը հարցնե տիկին Շուշանն, որ, ինչպես ըսինք, հևալով հասած էր։
— Պզտիկ գործ մը։
— Ոչ, բնավ գործ պիտի չունենաս դուն անոր հետը․ դուք ձեր պարտքը կատարեցեք և թող տվեք, որ մենք ալ մերինը կատարենք․ ալ խպնեցե՛ք քիչ մը։ Երթանք, Աբիսողոմ աղա։
— Ո՛չ, դուք խպնեցեք քիչ մը, մենք Աբիսողոմ աղային հետ պզտիկ գործ մ՚ ունինք․ երթանք, Աբիսողո՛մ աղա։
Եվ քահանան Աբիսողոմ աղային ձախ թևեն կը քաշե։